Ո՞վ «հանձնեց» Ծառուկյանին. Կարեն Քոչարյան
Politics«Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ մարտի 6-ին կայացած հանդիպման ընթացքում, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին,- հայտնում է Orer.am-ը: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ քաղաքական դաշտը փոշիացվեց, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծվեց նման իրավիճակ: Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ դաշտը վաղուց է փոշիացված, քանի որ այնտեղ ով ասես կա՝ բիզնեսմեններ, անիմաստ խաղացողներ, բայց ոչ քաղաքական դերակատարներ և կերպարներ: Ըստ նրա՝ այս իրավիճակը ստեղծվել է դեռ 90-ականների կեսերին: Քոչարյանը գտնում է, որ անգամ ավելի լավ գաղափարական հիմքեր ունեցող այն ուժերը, որոնք ստեղծվել էին 80-ականների ավարտին՝ արցախյան ազատամարտի սկզբին, այսօր նույնպես կորցրել են իրենց ասելիքը: Քաղտեխնոլոգը նշեց, որ քաղաքական դաշտում տիրում է պոպուլիզմը. խոսակցություններն ու ընտրախոստումները սահմանափակվում են կարտոֆիլ նվիրելու, փող բաժանելու և նմանատիպ այլ հարցերի շուրջ: Բանախոսը հորդորեց սահմանազատել կուսակցությունը բարեգործական կազմակերպությունից՝ հավելելով, որ իր մատնանշած հարցն արդեն կրում է զանգվածային բնույթ: Հարցին՝ այսօր գաղափարները փոխարինվել են փողո՞վ, Կ. Քոչարյանն արձագանքեց, որ փողը պետք է եղել բոլոր ժամանակներում և բոլոր քաղաքական ուժերի, շարժումների համար: Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ փողը միշտ պետք է միջոց լինի, բայց այսօր այն դարձել է նպատակ: Խոսելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու մասին՝ քաղտեխնոլոգն ասաց. «Եթե չլիներ այդ հեռացնելու ձևը և դրա հետ կապված բացասական նստվածքը, այսօր Ծառուկյանի համար ամենաերջանիկ օրը կլիներ և ինքը դեռ կօրհներ այս օրը»: Սերժ Սարգսյանի ելույթի մասին բանախոսը նշեց, որ այն շատ կտրուկ պոռթկում էր և տարբերվում էր նրա մյուս քայլերից: Դա Կարեն Քոչարյանին թույլ է տալիս եզրակացնել, որ եղել են ստորգետնյա գործընթացներ և հնարավոր է՝ ինչ-որ ինֆորմացիա է դրվել Սերժ Սարգսյանի սեղանին: «Սարգսյանը քաղաքական այն կերպարներից է, ով միանգամից չի արձագանքում, նա միշտ էլ կողմնակից է եղել նրան, որ ունենա հաճախորդ, քան դուշման»,-նշում է քաղտեխնոլոգը: Այս ամբողջ իրավիճակում Կ. Քոչարյանը չի տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քանի որ ըստ նրա՝ 3 նախագահներն էլ «հանձնեցին» Ծառուկյանին: Գնահատելով Նաիրա Զոհրաբյանի կարողությունները՝ Կ. Քոչարյանը նկատեց, որ տիկին Զոհրաբյանը բավականին պինդ անձնավորություն է և ժամանակին եղել է լավ լրագրող: Քոչարյանը համարում է, որ ճիշտ ընտրություն է արված, և կուսակցությունը կարող է ստանալ ավելի քաղաքական դիմագիծ: