«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում հին ասորական Նիմրուդ (Կալխուում) քաղաքի ավերակները: Այդ մասին հայտնել է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԻՊ-ը հողին է հավասարեցրել պատմական Նիմրուդ քաղաքը ծանր տեխնիկայի միջոցով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նիմրուդ քաղաքը հիմնադրվել էր մ.թ.ա. 13-րդ դարում: Քաղաքի ավերակները տեղակայված էին Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան մասում, և 19-րդ դարի կեսերից այնտեղ արված պեղումների ընթացքում կարևոր գտածոներ էին հայտնաբերվել:
2003 թվականին ամերիկյան զորքերի ներխուժման հետևանքով հին քաղաքը լրջորեն վնասվել էր:
Փետրվարի վերջին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են զինյալները ոչնչացնում նախաիսլամական ժամանակաշրջանին պատկանող հուշարձանները, որոնք պահպանվում էին Մոսուլ քաղաքի թանգարանում: