Միացյալ Նահանգների իշխանություններն ԱՄՆ-ում արգելափակել են Ռուսաստանի երկու բանկերի՝ 637 միլիոն դոլար ընդհանուր գումարի ակտիվները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Հրատարակությունը վկայակոչում է այն տվյալները, որոնք, «ի պատասխան իր հարցմանը», ստացվել են «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից»:
Հրապարակման համաձայն՝ սառեցված է «Ռոսիա» բանկի 572 միլիոն դոլարը: Դա 2013 թվականի դրությամբ վերջինիս բոլոր ակտիվների մոտավորապես 10 տոկոսն է, պնդում է թերթը: Նաև արգելափակված է ՍՄՊ Բանկի առնվազն 65 միլիոն դոլարը՝ անցյալ տարի դրա ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 2 տոկոսը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երկու բանկերն էլ մտնում են Ռուսաստանի այն ձեռնարկությունների և ֆինանսական հիմնարկությունների ցուցակը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրումը», «Գազպրոմ նեֆտը», «ԼՈՒԿՕՅԼ»-ը, «Սուրգուտնեֆտեգազը» և «Ռոսնեֆտը»: