Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 6-ին Բաթումում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) բացել է գործարար համաժողովը, որին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Թուրքիան և Ադրբեջանն իսկական բարեկամ պետություններ են Վրաստանի համար, մեր գլխավոր ռազմավարական գործընկերները, և մենք միշտ նշում ենք մեր առևտրատնտեսական և բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Ինձ, իսկապես, շատ հաճելի է, որ այս համաժողովը, որը թվով չորրորդն է, անցկացվում է Բաթումում, և դա լավ ավանդույթ է դարձել»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համաժողովի շրջանակներում անցկացվելիք բանակցությունները կողմերին հնարավորություն կտան խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները:
Համաժողովի ծրագրով նախատեսված են Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիաշվիլիի երկկողմ հանդիպումները Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ: