Ուկրաինայի ռազմածովային ուժերի տակտիկական խմբի նավերը Սև ծովում զորավարժությունների ընթացքում հրաձգություն են իրականացրել ջրային և օդային թիրախների ուղղությամբ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«Մերձափնյա տարածքում հաուբիցային ինքնագնաց հրետանային մարտկոցը և նրան ամրակայված ուժերը հրաձգություն են իրականացրել ջրի վրայի թիրախի ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով ջրային մերձափնյա հատվածի պաշտպանությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրետանավորների և տանկիստների հրաձգությանը նախորդել է բազմակիլոմետրանոց երթը:
«Համալիր տակտիկական զորավարժությունն անցկացվում է 2015 ուսումնական տարվա մարտական պատրաստության ծրագրի համաձայն: Զորավարժություններին ներգրավված են Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավատորմի, հետևակի և օդային բաղադրիչները, բացի դրանից՝ միջոցառումներն իրականցվում են Ուկրաինայի զինված ուժերի օդուժի ավիացիոն ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ»,- ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Նեիժպապան: