Եռյակի անփառունակ վախճանից հետո նրա որոշ բաղադրիչներ փոխանակ մտածեն կամ «թոշակի անցնելու», կամ էլ գոնե ընդդիմադիր դաշտում վերադասավորումների, ինչ-որ նոր ֆորմատի մասին՝ կրկին նույն շրջանակներում, մասնավորապես, առաջվա ԲՀԿ-ից մնացած ԲՀԿ-ի հետ համագործակցելու ակնկալիքներ ունեն կամ էլ գոնե հավանական են համարում նման համագործակցությունը:
Սակայն սա այլևս առաջվա պես ԲՀԿ-ի շուրջը համախմբվելու անհագ տենչ չէ, քանի որ հաշվենկատ ընդդիմադիրներն իրենք էլ են տեսնում, որ այդ կուսակցությունից էլ ստանալիք չունեն: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, իհարկե, ոգևորել է այն փաստը, որ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ին հայտարարել է ընդդիմադիր, բայց համոզված եմ, որ ՀԱԿ-ն ավելի շուտ կգերադասեր դառնալ փողատեր «այլընտրանքի» կցորդը, քան թե անփող ընդդիմադիրի հետ համագործակցող:
«Ժառանգությունն» իր հերթին, ինչպես միշտ, չի հասկանում, թե ինչ է ուզում: Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՏՊ-ի նման հայտարարում է, թե ընդդիմադիր դաշտում իրենք են միայն մնացել, իսկ կուսակցության այլ ներկայացուցիչներ դեռևս ինչ-որ համագործակցության ակնկալիքներ են տեսնում: Այս ամենն ավելի շատ շփոթված վիճակ է հիշեցնում, որը մարդկանց մոտ լինում է սթրեսից հետո: Կարծում եմ` ըննդիմադիրներին իսկապես մի փոքր ժամանակ է պետք, որ սթրեսից դուրս գան և կողմնորոշվեն՝ լքե՞լ քաղաքականությունը, պատվով անցնել «թոշակի՞»՝ ընդդիմադիր դաշտը զիջելով նոր, ավելի քիչ վարկաբեկված քաղաքական ուժերին, թե՞, այնուամենայնիվ, մտածել՝ ում հետ կարելի է համագործակցել: Առաջին տարբերակը նրանց համար ավելի խելամիտ կլինի, որովհետև կորցրած, իսկ շատերի համար էլ՝ նույնիսկ երբեք չունեցած վարկանիշն այսքան տարի անց ստեղծել կամ վերականգնելն արդեն գրեթե անհնար է: Երկրորդ տարբերակն ամեն դեպքում ինքնախաբեություն է:
Կարեն ՎարդանյանOrer.am