Ըստ վերջին տեղեկությունների` ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը ստացել է Աբովյանի քաղաքային համայնքի թվով 26 ԲՀԿ անդամ ավագանիների դիմումները` կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո օր օրի նվազում են տվյալ կուսակցության շարքերը համալրած կուսակցականները:
«Բարգավաճ Հայաստանից» հեռացողների եւ կուսակցության նոր ղեկավարի հետ կապված սպասումների վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, ով, թերեւս, ձեռնպահ էր քվեարկել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը.
-Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ չքվեարկեցիք:
-Նորմալ է ամեն ինչ, կաշխատի, կտեսնենք, կպաշտպանենք:
-Իսկ մինչ այդ Դուք նրա աշխատանքը չէի՞ք տեսել, որ պատկերացնեիք:
-Կուսակցության ղեկավարի դերում դեռ չի եղել, որ տեսնեի: Ես ձեռնպահ եմ եղել, կաշխատի, աշխատանքը կտեսնենք ու կարծում եմ միասին ամեն ինչ կստացվի:
-Ձեռնպահ լինելը որեւէ կապ ունի՞ կանանց հանդեպ ունեցած Ձեր խիստ վերաբերմունքի հետ:
-Ո՛չ, իհարկե, նման խնդիր չի կարող լինել:
-Ըստ Ձեզ` Զոհրաբյանն ինչպիսի լիդեր կլինի` լա՞վ, թե՞ վատ:
-Այ դա չեմ կարող ասել, հուսանք, որ լավ ղեկավար կլինի, մենք կաշխատենք իրեն օգնել: Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի. մենք պատմության մեջ թե՛ կին հերոսներ ենք ունեցել , թե՛ տղամարդ, այնպես որ կին և տղամարդ հասկացողությունների տարանջատումը բացարձակ կապ չունի լավ կամ վատ ղեկավար լինելու հետ: Սպասումների հետ կապված կարող եմ ասել` հուսանք, որ լավ կլինի:
-Օր օրի ԲՀԿ-ն լքողների թիվը մեծանում է, ի՞նչ կասեք այս մասին:
-Հին կտակարանում ասվում է` «Մի՛ լքիր, որ չլքվես»:
-Իսկ լքածներն այսուհետ ո՞ւմ կողմից պետք է լքվեն:
-Ում որ լքել են` իրեն հարցրեք:
-Լքողների շարքին է պատկանում նաեւ Գյումրու քաղաքապետը, ով ըստ խոսակցությունների` փորձում է ՀՀԿ-ին անդամագրվել, ի՞նչ կասեք այս մասին:
-Ես նման ինֆորմացիա չունեմ, խնդրում եմ ինձ ուրիշների խնդիրների հետ կապված հարցեր մի տվեք, ես բամբասելու սովոր չեմ, ուրիշների փոխարեն պատասխաններ եւս չեմ ցանկանում տալ: Նրանք բոլորն իմ ընկերներն են:
-Լավ խրատներ եք տալիս, իսկ միգուցե Դուք է՞լ մի գեղեցիկ օր լքեք ԲՀԿ-ն:
-Ոչ-ոչ: «Մի՛ լքիր, որ չլքվես»:
Սոսե Չանդոյան