Այսօր լրագրողներին է հանդիպել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: Բանախոսը խոսել է ԵԺԿ-ի՝ Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևի և ընդդիմադիր դաշտում համագործակցության եզրերի մասին:
Պատգամավորը համաձայն չէ այն մտքի հետ, որ իշխանությանը հաջողվեց ջախջախել ընդդիմությանը: Ըստ նրա՝ այնպես չէ, որ ընդդիմություն գոյություն չունի, պարզապես մինչև փետրվարի քսանը կար քաղաքական կոնսոլիդացիա, իսկ այսօր ընդդիմադիրներն առանձին-առանձին իրենց ճանապարհով են գնում, և պետք է կոնսոլիդացիա լինի այն ուժերի միջև, որոնք ունեն այլընտրանքային պատկերացումներ Հայաստանի համար:
Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ հաշվարկներ չէր արել, երբ հանդես էր գալիս իշխանափոխության մասին հայտարարություններով՝ Պողոսյանը նշել է.«Դեպքը տեղի է ունեցել, դրանից հետո խոսելն իմ ոճը չէ»:
Թևան Պողոսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն կարող է լինել իրական ընդդիմադիր ուժ: Նա օրինակ է բերում ՕԵԿ-ին, որն ընդդիմադիր դառնալու հայտարարությունից հետո կրեց վարքագծային փոփոխություն և չնպաստեց ԱԺ-ում իշխանական օրինագծերի անցկացմանը:
Թ.Պողոսյանն այն կարծիքն ունի, որ ԲՀԿ-ն երիտասարդ, ունակ թիմ է, որը կարող է աշխատել և շուտով գործով ընկալելի կլինի նրա ընդդիմադիր դառնալը:
Թևան Պողոսյանին հարց տրվեց «եռյակ» ձևաչափի հնարավոր վերականգնման մասին, որին ի պատասխան` ասաց, որ ինքը «եռյակում» չկա հոկտեմբերից, դրա համար որևէ բան «եռյակի» մասին չի ցանկանում ասել, իսկ ապագայի մասին չի ցանկանում կանխատեսումներ անել. «Կարող է «եռյակ» չլինի, «հնգյակ» լինի»,- հավելել է Պողոսյանը:
Անդրադառնալով Ցեղասպանության մասին ԵԺԿ-ի բանաձևին՝ օրենսդիրն այն համարում է Հայաստանի երեք քաղաքական ուժերի համախմբման արդյունք, քանի որ այն միաձայն է անցել, որեւէ դեմ չի եղել: Ըստ նրա՝ բանաձևը բավական նպաստավոր իրավիճակ է ձևավորել, քանի որ Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խնդիրների հետ կապված մեր դիրքորոշումները կարող ենք ներկայացնել ոչ միայն եվրոպական ուղղությամբ, այլև ամբողջ աշխարհում:
Պարոն Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանի թիվ մեկ կուսակցության կողմից ընդունված հայտարարությունը կունենա շարունակություն, եթե մենք հետևողական լինենք, իսկ հակառակ դեպքում կմնա զուտ հայտարարություն:
Լևոն Փանոսյան