Այն, որ Նաիրա Զոհրաբյանը կարողանում է «կանխատեսումներ» անել, դեռ ավելի վաղ գիտեինք. օրինակ, երբ նախորդ տարվա դեկտեմբերին աշխարհի վերջի մասին հայտարարություն արեց: Եվ այդ «կանխատեսումները» բավականին ընդգրկուն էին՝ համաշխարհային:
Հիմա էլ արդեն ԲՀԿ նախագահ դարձած Նաիրա Զոհրաբյանն է «կանխատեսումներ» անում, սակայն նա զգալիորեն նեղացրել է ընդգրկման տիրույթը, որն արդեն ներառում է միայն ԲՀԿ-ն, ավելի շուտ այն, ինչ մնացել է նախկին ԲՀԿ-ից: Օրինակ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Զոհրաբյանը կանխատեսում է, որ «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական բոլոր կառույցները պահպանվելու են: Թե ինչ միջոցներով՝ դա արդեն այլ հարց է, թերևս հարցերի հարցը, որն էլ հենց ամենամտահոգիչն է: Սակայն այդ հարցերի պատասխանները ԲՀԿ-ն առայժմ չի տալիս: Նա միայն ասում է, որ կա, լինելու է: Դե եթե ասում են՝ միգուցե մի բնա գիտե՞ն...
Չնայած, որքան տեղյակ եմ՝ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից բոլոր առումներով, այսինքն՝ նաև չի ֆինանսավորելու որևէ կուսակցության, քանի որ դա էլ կստացվի միջամտություն քաղաքական գործընթացներին: Մյուս օլիգարխներն էլ են հեռացել, ԲՀԿ-ն ընդհանրապես օլիգարխաթափ է եղել...
Բայց երևի Նաիրա Զոհրաբյանը մի բան գիտի, կանխատեսում է:
Նա նաև կանխատեսում է, որ ԲՀԿ-ի քաղաքական թիմը մնալու է, քանի որ այն «ամուր» է: Միգուցե ես քաղաքականությունից ընդհանրապես գաղափար չունեմ և առայսօր ուղղակի չգիտեի, որ կուսակցությունում տեղի ունեցող առնետավազքը հենց կուսակցության քաղաքական թիմի ամրության նշանն է:
Ինչևէ, եթե Նաիրա Զոհրաբյանի ասածների մեջ, այնուամենայնիվ, ճշմարտություն կա, և եթե կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն կմնան ԲՀԿ-ում՝ չվախենալով նույնիսկ ֆինանսների բացակայությունից, նույնիսկ կստեղծեն գաղափարախոսություն, որը մինչ այդ չկար, ապա դա միայն ողջունելի է: Բայց դե հրաշքների մի քիչ դժվար է հավատալը, երևի դրա համար պետք է ավելի ռոմանտիկ լինել:
Կարեն ՎարդանյանՕrer.am