Պարույր Հայրիկյանի մասին վերջին հոդվածիս բուռն արձագանքը՝ Հայրիկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում, ընթերցողներս հավանաբար կհիշեն, կհիշեն նաև Վարուժան Բաբաջանյանի արձագանքը՝ Հայրիկյանի արձագանքին:
Այստեղ կարևորը եզրահանգումն էր, իսկ եզրահանգումն այն էր, որ հենց ես եմ «սլավոնական արտաքինով հոդվածագիրը», ռուսական ԿԳԲ-ի գործակալը...
Հիմա օգտվելով իմ՝ «սլավոնական արտաքին» ունենալու անհերքելի փաստից և «ռուսական ԿԳԲ-ի գործակալի» պատվավոր ստատուսից՝ ևս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ Եվրամիության դրոշի երկրպագուին և նրա ստեղծած՝ «Հրաշալի յոթնյակին»:
Անդրադառնում եմ, որովհետև «անկախության սիմվոլն» ասուլիս է տալիս, որը «Արմքոմեդիի» տղաները յուրովի մեկնաբանելու կարիք չունեն, այլ ընդամենը կարող են նույնությամբ ցուցադրել իրենց հաղորդման ընթացքում, և հերթական թողարկումը պատրաստ կլինի:
Հայրիկյանի երեկվա ասուլիսից ստացած եզրակացությունս ուզում եմ ձևակերպել համառոտ. Հայաստանում ստեղծվում է քաղաքական ուժերի ճակատ, որի գլխավոր թիրախն ու թշնամին լինելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ դեպքում ինչու՞ Հայաստանում, միգուցե Հայրիկյանը հենց Ռուսաստանու՞մ ստեղծի քաղաքական ուժ, թե՞ այնտեղ «ռուսական ԿԳԲ»-ից է վախենում: Բայց չէ՞ որ Հայաստանն էլ ամբողջությամբ լցված է «ռուսական ԿԳԲ-ի գործակալներով», այդ դեպքում տարբերությունը ո՞րն է: Հետաքրքիրն այն է, որ ըստ Հայրիկյանի՝ այդ նոր «միությունը» Հայաստանում իշխանափոխության հարց դեռ չի քննարկել:
Սա, իհարկե, խելացի որոշում է. շտապել պետք չէ, մեկ էլ տեսար՝ մի քիչ էլ «բուժման փող կպավ»: Այնուամենայնիվ, Հայրիկյանի «ուրախ» ասուլիսի ընթացքում ինձ համար խիստ վիրավորական մի միտք է հնչել. այն է, որ իմ կողմից բացարձակապես անընդունելի մի այնպիսի գործիչ, ինչպիսին Լևոն Տեր-Պետրոսյանն է, նույնպես «ռուսական ԿԳԲ»-ի գործակալ է: Այսինքն, ըստ Հայրիկյանի, ես աշխատում եմ նույն կառույցում, որտեղ աշխատում է ԼՏՊ-ն. այ սա իրոք վիրավորական էր:
Եվ վերջում մի նկատառում. եթե պարոն Հայրիկյանը կրկին ցանկանա արձագանքել հոդվածիս, ապա կարող է արձագանքն անմիջապես ուղղել հասցեատիրոջը, այլ ոչ թե իմ հոդվածները հրապարակող՝ լրատվական կայքին: Որպես կանոն, ինքս եմ միշտ ստանձնում պատասխանատվությունը՝ իմ բոլոր գրածների համար:
Կարեն ՎարդանյանOrer.am