ԱՄՆ-ն չի կարծում, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է բանակցել Սիրիայի ապագայի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, փոխանցում է kommersant.ru-ն:
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար ստիպված կլինի վերջին հաշվով «պայմանավորվել Ասադի հետ»: Էռնեստի խոսքով, սակայն, ԱՄՆ-ն պատրաստ չէ թույլ տալ Ասադի մասնակցությունը ոչ միայն Վաշինգտոնի հետ բանակցություններին, այլև ներսիրիական կարգավորման գործում:
«Պետքարտուղար Քերին նկատի ուներ, որ ինքն անհրաժեշտ է համարում, որ ռեժիմի ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ և փորձեն իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածությունների հասնել: Պետքարտուղար Քերին նկատի ուներ, որ Ասադը ռեժիմի ներկայացուցիչ է, և նկատի չուներ, որ նա ինքը կլինի բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Էռնեստը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, Ասադին համարում է ոչ լեգիտիմ ղեկավար և կարծում է, որ նա պետք է հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից: