Հունաստանի ոստիկանությունը Սամոս կղզու մոտ 4 ժամով ձերբակալել է նավը, որում է գտնվել վրաց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է Новости-Грузия գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանում վրաց դեսպան Դավիթ Բաքրաձեին:
«Երեկ՝ 18:00-ին, Թուրքիայի կողմից Սամոս կղզուն է մոտեցել բրիտանական դրոշով նավը, որում էին գտնվում նաև Վրաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլին և Լևան Վարշավալոմիձեն (Աջարիայի ԶՈՒ-ի նախկին ղեկավար): Տեղի ոստիկանության տվյալներով՝ սահմանային վերահսկողության ստուգումների ժամանակ Սաակաշվիլիի անձնագրի ստուգման ընթացքում պարզվել է, որ վրացական կողմը պահանջում է ձերբակալել նրան, սակայն ելնելով այն հանգամանքից, որ գործընթացն ավարտված չէ, հույն իրավապահները հիմք չեն գտել նրան ձերբակալելու համար: Նավը կանգնեցվել է 4 ժամով», - հաղորդել է Բաքրաձեն:
Նշենք, որ ավելի ուշ Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախինձեն անհիմն խոսակցություն է համարել իր պաշտպանյալի ժամանակվոր ձերբակալությունը Հունաստանում:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին արդեն գտնվում է ներպետական հետախուզման մեջ, իսկ միջազգային հետախուզում նրա նկատմամբ դեռ չի հայտարարվել: