Պառլամենտական համակարգը ժամանակավրեպ չէ. ՀՀԿ-ական պատգամավոր
Politics«Երբ նախագահական կառավարման համակարգից մենք անցանք կիսանախագահականի,նպատակ կար առաջնայնություն տալ նաև ԱԺ-ին, այդ նպատակը հիմանականում լուծվեց, բայց այսօր ժամանակն է, որպեսզի կոլեգիալ կառավարման առումով առավել մեծ հնարավորություն տրվի: Սա կնպաստի մեր կյանքում տեղի ունեցող թերացումների հանրային հսկողության բարձրացմանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ խորհրդարանական համակարգը ժամանակավրեպ չէ և Սերժ Սարգսյանը ձեռնարկել է այդ բարեփոխումները, որպեսզի գտնի երկրի կառավարման ամենանպաստավոր մոդելը,-հայտնում է Orer.am-ը:
ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց. «Պառլամենտական համակարգը ժամանակավրեպ չէ: Նախագահի ձեռնարկած բարեփոխումների նպատակն է գտնել երկրի կառավարման ամենանպաստավոր մոդելը: Եթե հանրությունն ապացուցի, որ ճիշտը պառլամենտական մոդելն է, ապա դրան դեմ գնալ հնարավոր չի լինի»:
Պատգամավորի խոսքով՝ անիմաստ կլիներ փոխել միայն Սահմանադրությունը, եթե չլիներ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն:
Մկրտիչ Մինասյանը զարմանում է այն ուժերի բացասական վերաբերմունքի վրա, որոնք ժամանակին իրենք էին առաջարկում համակարգային փոփոխություններ: Խոսելով Սերժ Սարգսյանի և քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումների մասին՝ Մկրտիչ Մինասյանը տեսակետ հնչեցրեց, որ այդ հանդիպումները կօգնեն հանրային կարծիքի ձևավորմանը: