Ե՞րբ կվերանա սահմանային լարվածությունը. կանխատեսում է քաղաքագետը
PoliticsՄարտի 23-ին լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսեց սահմանային լարվածության հարցերին մասին,- տեղեկացնում է Orer.am-ը:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ անվտանգության հարցերի մասին խոսելիս մենք առաջին հերթին նկատի ունենք սահմանային լարվածությունը:
Ըստ նրա՝ ցավալի է, որ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր, չնայած` ադրբեջանական կողմը 2-3 անգամ ավելի կորուստներ է կրում:
Քաղաքագետի խոսքով՝ միջազգային հանրությունն այդքան էլ գոհ չէ այս իրավիճակից, բայց, կոպիտ ասած, սովորել է արդեն այս իրավիճակին:
Ս. Մինասյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ սկսելու ռազմական լուրջ գործողություններ: Բանախոսն անիմաստ է համարում այս պահին ընթացող բանակցային գործընթացից ինչ-որ բան սպասելը: Սերգեյ Մինսյանն ընդգծեց, որ վերջին լարվածությունները նախորդ տարվա ամռանից ստեղծված իրավիճակի շարունակությունն են:
Խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Մինասյանն ասաց. «Իրականում, զենքի վաճառքը ոչ մի կապ չունի սահմանային լարվածության հետ: Անդրկովկասում բալանսը պահելու համար Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում: Ադրբեջանը խնդիր ունի ցուցադրել, որ ինքն ավելի ուժեղ է, քան կա իրականում»:
Քաղաքագետը նաև ավելացրեց, որ սահմանային այս լարվածությունը կվերանա միայն այն դեպքում, երբ Ադրբեջանում սպառվեն նավթի պաշարները: