Այս կամ այն ձեւով օլիգարխիան պետք է դուրս գա Ազգային ժողովից
PoliticsՕրերս թեժ խոսակցության թեմա էր դարձել պատգամավորների թվի կրճատման հարցը որի հետ կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանում էր տվել: Ըստ Վ. Բաղդասարյանի` կրճատումներ կարող են լինել միայն սահմանադրական բարեփոխումների դեպքում:
Թե արդյո՞ք ճիշտ կլինի պատգամավորների թվի կրճատումը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից. «Այս կամ այն ձեւով օլիգարխիան պետք է դուրս գա Ազգային ժողովից, անկախ նրանից` պահպանվում է պատգամավորների թիվը, թե կրճատվում է: Որքան օլիգարխիան քիչ ներկայացված լինի ԱԺ-ում, այնքան լավ: Ինձ թվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների առաջադրումն ու նրանց փոփոխումը պետք է կապված լինի նրանց կրթական ցենզի հետ»:
Այն հարցին, թե արդյո՞ք օլիգարխ պատգամավորների կրթությունը թույլ չի տալիս օրենքներ մշակել, Հ. Հարությանը պատասխանեց. «Եթե նրանք այդքան կրթված չլինեին, նման հարստություն չէին ունենա: Եթե ոչ կրթված, ապա, համենայն դեպս, նրանք այնքան գիտելիքներ ունեն, որ կարողանում են իրենց խոշոր բիզնեսները ղեկավարել:
Պատգամավորը նաեւ նկատեց. «Մեզ մոտ պրոֆեսիոնալ պատգամավորներ ավելի շատ պետք է լինեն, պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կունենան օրենսդրական աշխատանքի փորձ եւ իրենց մասնագիտությունը կհամապատասխանի աշխատանքին, այսինքն` լինեն պատմաբաններ, իրավաբաններ, տնտեսագետներ եւ այլն: Համենայն դեպս, դա իմ ցանկությունն է: Ես չեմ անձնավորում, բայց ցանկանում եմ, որ այդպես լինի»:
Նա նաեւ հավելեց, որ քաղաքական դաշտում դեռ կլինեն փոփոխություններ, եւ չի բացառվում, որ որպես երկրորդ խորհրդարանական ուժ կրկին հանդես կգա ԲՀԿ-ն. «Կարծում եմ, որ այս երկուսուկես տարվա ընթացքում նոր կոնֆիգուրացիաներ ու միավորումներ առաջ կգան, որոնք կլինեն ընդդիմադիր դաշտում. միգուցե, նրանցից մեկը, ինչու ոչ, «Բարգավաճ Հայաստանը», կարող է լինել երկրորդ հորիզոնականում»:
Սոսե Չանդոյան