Իկեր Կասիլյաս. Հրաշալի կլիներ, եթե դարպասապահների գործն արդար գնահատեին
SportԼավագույն խաղացողների եռյակում կամ հնգյակում ընդգրկվելու համար դարպասապահը պետք է անցկացնի արտակարգ մրցաշրջան, նվաճի բազմաթիվ տիտղոսներ, իսկ մյուս խաղացողների համար դա ոչ միշտ է պարտադիր, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
«Դարպասապահներին չեն ընկալում մյուս խաղացողների նման: Հրաշալի կլիներ, եթե դարպասապահների գործն արդար գնահատեին:
Ես արագ ռեակցիա ունեմ: Ինձ չի հաջողվել կյանքում տեսնել Արկոնադայի խաղը, բայց դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները: Արկոնադան (1977-1985թթ. Իսպանիայի հավաքականի դարպասապահ, Եվրոպայի փոխչեմպիոն) կարիերան ավարտել է, երբ ես չորս կամ հինգ տարեկան եմ եղել: Նրա մասին ինձ շատ են պատմել ծնողներս, բարեկամներս, որոնք պաշտում են ֆուտբոլ: Ես իսկապես կարող եմ ինձ զուգորդել Արկոնադայի հետ:
Այն փաստը, որը Ջիջի Բուֆոնն այդքան վաղ սկսեց կարիերան, ինձ շատ օգնեց: Երբ տեսնում ես, որ «Պարմայի» պատանի դարպասապահը խաղում է Իտալիայի հավաքականի հիմնական կազմում՝ հավատ ես ձեռք բերում, որ դու էլ կարող ես:
Մեր կարիերաները շատ նման են: Ես նույնպես սկսել եմ 17-18 տարեկանում: Երկուսս էլ մինչեւ հիմա խաղում ենք: Ամեն հնարավորության դեպքում, մենք զրուցում ենք: Դա ընկերություն է, որն ամրացել է տարիների ընթացքում»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: