Ո՞ր դեպքում Միքայել Մելքումյանը դուրս կգա ԲՀԿ-ից
PoliticsԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մարտի 31-ին կայացած մամլո ասուլիսին ասաց, որ ինքը ԲՀԿ-ից դուրս կգա միայն այն դեպքում, երբ կուսակցությունը լուծարվի,- հայտնում է Orer.am-ը:
«Թեև ԲՀԿ-ը լքել են մի խումբ պատգամավորներ, այն շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքական ուժը»,- համոզմունք հայտնեց Մելքումյանը: Ըստ նրա՝ բոլորին հայտնի քաղաքական իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս է եկել 14 պատգամավոր, որից 3-ը եղել են մեծամասնական ընտրակարգով ընտրված:
Բանախոսն ասաց, որ անհնար է հաշվի չնստել այն փաստի հետ, որ իրավիճակ է փոխվել, և բոլոր քայլերը պետք է համահունչ լինեն ստեղծված դրությանը: Մ.Մելքումյանի հավաստիացմամբ՝ կուսակցությունը պահպանել է իր մոտեցումները և սկզբունքները: «Ես անձամբ հավատարիմ եմ մնում ԲՀԿ-ի ծրագրերին, մոտեցումներին, հավատում եմ կուսակցության ապագային և ասեմ, որ կուսակցությունը պետք է առնվազն լուծարվի, որ ես այնտեղից դուրս գամ»,- ընդգծեց պատգամավորը:
Ժամանակին կուսակցությունում կենտորնական դերակատարում ունեցած Աբրահամ Մանուկյանի ներկա դերի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանը շեշտեց հետևյալ հանգամանքը. «Կուսակցությունում, բարեբախտաբար, այդպիսի բան չկա՝ կենտրոնական հարձակվող, աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան: ԲՀԿ-ը քաղաքական կուռ թիմ է: Մենք մեր հստակ քաղաքական օրակարգն ունենք: Աբրահամ Մանուկյանի հետ որևէ խնդիր չկա, մենք շարունակում ենք մնալ գործընկերային և աշխատանքային հարաբերությունների դաշտում: Նա շարունակում է իր գործունեությունը»:
Մ.Մելքումյանը նաև ընդգծեց, որ բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, իրենք պահպանում են գործընկերային հարաբերություններ:
Լևոն Փանոսյան