Սիրիան փակել է Հորդանանի հետ «Նասիբ» անցումը
International newsՍիրիայի կառավարությունը որոշում է ընդունել ապրիլի 2-ից փակել Հորդանանի հետ սահմանային «Նասիբ» անցումը:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նման որոշում ընդունվել է Հորդանանի իշխանությունների «միակողմանի գործողություններ» կատարելուց հետո:
Հայտարարության մեջ նշվել է, որ «Նասիբ» անցումն ամբողջովին փակ է, և այնտեղով անցնելու ցանկացած փորձ կհամարվի անօրինական:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, Հորդանանը զինված բախումների պատճառով փակել էր իր «Ջաբեր» հսկիչ-անցագրային կետը: Նման քայլից հետո Սիրիան հանդես է եկել քննադատությամբ՝ այն համարելով միակողմանի քայլ:
«Նասիբ» անցումը համարվում էր միակ պաշտոնական անցումը Սիրիայի և Հորդանանի միջև, որը գտնվում էր սիրիական կառավարական ուժերի ձեռքում:
Ապրիլի 1-ին թեժ բախումներ էին սկսվել զինյալների և սիրիական բանակի միջև Հորդանանի սահմանի մերձակայքում՝ Դարաա մարզի սահմանային «Նասիբ» անցումի շրջակայքում: Ակտիվիստների խոսքով` զինյալները հարձակվել են այնտեղ կենտրոնացած սիրիական ուժերի վրա: Տեղեկություններ կան, որ սիրիա-հորդանանյան սահմանի մերձակայքում ուժգին պայթյուն էր որոտացել, պատճառած վնասների մասին, սակայն, տեղեկություններ չեն հաղորդվել: