Մեկ ժամ տևողությամբ նկարահանումից կտրված մեկ վայրկյանը կարող է հիմնովին փոխել մարդկանց կարծիքը. Նաիրա Կարապետյան
ПолитикаԱյսօր վաղ առավոտից սոցիալական ցանցերում կրկին քննարկվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ՀՀԿ կանանց հրճվանքը Ծիծեռնակաբերդում: Փաստորեն, անգամ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը չշեղեց հանրության ուշադրությունը օրերս տեղի ունեցածից:
ՀՀԿ կանանց այցի եւ ժպիտների հետ կապված, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ, ով նշեց.
«Ես բուն միջոցառմանը ներկա չեմ գտնվել, քանի որ իմ զբաղվածությունից բացի՝ կուսակցական միջոցառում է եղել: Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածի հետ կապված կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե այն կանայք, որոնց ես տեսել եմ նկարներում ու որոնց ճանաչում եմ, բուն միջոցառման ժամանակ են նման խինդ ապրել. չնայած՝ նկարներն այլ բան են փաստում: Կարդալով տիկին Նաղդալյանի հարցազրույցը՝ միայն մեկ բան կարող եմ ավելացնել, որ կազմակերպչական աշխատանքների ընթացքում, սպասելով, թե երբ կհավաքվեն այդքան մեծ թվով կանայք, միգուցե եղել են նման բաներ: Ես վստահ եմ ու ուզում եմ դրան հավատալ, որ թե' հանրապետական կանայք եւ թե' ցանկացած հայ կին, այցելելով Ծիծեռնակաբերդ, դժվար թե նման ուրախություն ապրի»:
Այն նկատառմանը, որ սա ՀՀԿ կանանց կողմից կարծես թե կրկնվող երեւույթ է դարձել (օրինակ բերելով անցած տարի Ծիծեռնակաբերդում Հրանուշ Հակոբյանի հրճվանքը), պատգամավորը պատասխանեց. «Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ տեսախցիկը կարող է ֆիքսել այնպիսի պահեր, որոնք, կտրված լինելով ընդհանուր ենթատեքստից, կարող են այլ տպավորություն ստեղծել կամ այլ մեկնաբանությունների առիթ տալ: Մեկ ժամ տևողությամբ նկարահանումից կտրված մեկ վայրկյանը կարող է հիմնովին փոխել մարդկանց կարծիքը: Եկեք ընդունենք, որ բոլորս էլ մարդ ենք ու դժվար է ամբողջովին կառավարել էմոցիաները, մարդիկ պետք է սրտով զգան, այլ ոչ թե դեմքի արտահայտությամբ ենթադրություն անեն: Ես չգիտեմ ՀՀԿ կանանց հրճվանքը, ինչպես Դուք եք նշում, որ վայրում է եղել, բայց ուզում եմ հավատալ, որ անմար կրակի մոտ ոչ ոք չի ծիծաղել ու չի ուրախացել»:
Սոսե Չանդոյան