Շատ ավելի լավ կլինի, որպեսզի երկրում լինի մեկ առաջնային մանդատ. Վահրամ Մկրտչյան
ПолитикаՕրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ խոշոր հաշվով էական չէ, թե ժողովուրդն ու պետությունը որ կաբինետից են ղեկավարվում, կարեւորն էֆեկտիվ աշխատանքն է եւ երկիրը ոտքի հանելու հնարավոր միջոցների կիրառումը:
Ռ. Քոչարյանի եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հետ, ով, թերեւս, համաձայն չէր նշված թեմայի շուրջ ՀՀ երկրորդ նախագահի անդրադարձի հետ.
«Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ, որ էական տարբերություն չկա, թե ինչ սենյակից կկառավարվի ժողովուրդը եւ պետությունը: Ես այն անձանցից եմ, ով դեռ 1995 թվականից սկսած կողմ է եղել, որ Հայաստանում լինի պառլամենտական սահմանադրություն, այսինքն` առաջին խիստ նախագահական կառավարման պարագայում էլ ես կողմ էի, որ լիներ վարչապետական կառավարում: Հիշենք, որ 1991 թվականին մենք ունեինք պառլամենտական հանրապետություն, ունեինք Ազգային ժողով, որը կոչվում էր Գերագույն խորհուրդ եւ ունեինք վարչապետ: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն անկախանալով ունեցավ պառլամենտական ղեկավարման համակարգ, հետո նոր արդեն 1995 թվականին ՀՀ առաջին նախագահը շատ ցանկացավ, որպեսզի ամբողջ իշխանությունն իր ձեռքը կենտրոնանա, որի պատճառով էլ փոխվեց կառավարման մոդելը: Պետք է նշեմ, որ ես հայեցակարգային կերպով դեմ եմ պարոն Քոչարյանի արտահայտած մտքին: Աշխարհի բոլոր զարգացած երկրները` հատկապես եվրոպական երկրները պառլամենտական են: Իհարկե, էական է, թե որտեղից է կառավարվում երկիրը: Պառլամենտական համակարգն այլ տրամաբանության մեջ է գործում. այստեղ գործում է հատած բուրգի քաղաքականությունը, իսկ մենք գիտենք, որ հատած բուրգն իրենից ենթադրում է տարբեր կառույցների համադրություն»:
Այն հարցին, թե Հայաստանում որքանո՞վ էֆեկտիվ կլինի պառլամենտական կառավարումը, Մկրտչյանը պատասխանեց. «Բոլոր երկրներն էլ ժամանակի ընթացքում փոխել են իրենց պետության կառավարման ձեւը, որովհետեւ դրանք եղել են թագավորական երկրներ: Թագավորական կառավարումը վերածվել է նախագահականի եւ հետո արդեն պառլամենտականի, խոսքս, իհարկե, զարգացած երկրների մասին է: Նկատենք, որ այսօրվա դրությամբ մենք չունենք զարգացած կուսակցական համակարգ, եթե չանցնենք պառլամենտական համակարգին, ապա չենք էլ ունենա: Գլոբալ առումով պառլամենտական կառավարման համակարգը կարեւոր տարբերություն ունի, այն է` քաղաքական ճգնաժամերը պառլամենտական կառավարման համակարգում մնում են խորհրդարանի պատերի ներսում, իսկ մյուս պարագայում դուրս են գալիս ամբողջ հասարակության մեջ: Մենք հիմա ունենք երկու առաջնային մանդատ` նախագահի ինստիտուտ եւ Ազգային ժողով, իսկ շատ ավելի լավ կլինի, որպեսզի երկրում լինի մեկ առաջնային մանդատ, որպեսզի խուսափենք հնարավոր բախումներից, չնայած` մինչ օրս նման բան չի նկատվել»:
Սոսե Չանդոյան