Բալասանյան, դու էս ի՞նչ ես անում կամ ինչու՞ է Գյումրվա քաղաքապետը բիզնեսները տեղափոխում Հայաստանից
ПолитикаԳյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բակասանյանի շուրջ պտտվող թեմաները վերջին շրջանում խիստ են շիկացել: Պատճառը ոչ թե «Բարգավաճ Հայաստանից» դուրս գալն է կամ էլ, ասենք, Քիմ Քարդաշյանի այցելությունը երկրորդ մայրաքաղաք, այլ Բալասանյանի նոր բիզնես-նախագծերը:
Ըստ պտտվող խոսակցությունների` «մաքրաճակատ» քաղաքապետն իր վրա է վերցրել մի անշնորհակալ գործ, այն է՝ սեփական գարեջրի գործարանից աշխատողներին կրճատելը եւ հարեւան պետություն Վրաստանում իր իսկ գարեջրի գործարանը ծաղկացնելը:
Թե ինչ քամիներ են անցել Բալասանյանի վրայով, որ վերջինս նման որոշումներ է կայացրել, արդյո՞ք նա պատրաստվում է ամբողջությամբ հանել իր բիզնեսները սեփական հայրենիքից՝ չենք կարող ասել, քանի որ պարոն բիզնեսմեն քաղաքապետը չի բարեհաճում անգամ հեռախոսազանգերի պատասխանել: Թեպետ մեղադրելու էլ չէ. Բալասանյանը ո՞ր մեկն անի՝ ճառ ասի, թե զանգ կախի, չէ՞ որ վերջինս անգամ չգիտի, թե քանի հաշված օրեր են մնացել քաղաքապետի փափուկ աթոռը վայելելու համար:
Հազար ու մի խնդիրներ ունեցող Գյումրիում, որտեղ յուրաքանչյուր աշխատատեղ մեկ չարտագաղթող ընտանիք է, աշխատատեղեր փակելը և այդ գումարները Վրաստանում ներդնելը միգուցե հենց սեփականատիրոջ՝ Բալասանյանի անձնական գործն է, սակայն այսքանից հետո ամենուր ժողովրդին ծառայելուց և պետության հզորացմանը միտված գործունեություն ծավալելուց անընդհատ խոսող Գյումրիի քաղաքապետը, թերևս, պետք է մտածի իր քաղաքական գործունեությունը ևս Վրաստանում ծավալելու մասին:
Հայաստանում զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ պաշտոնների շնորհիվ հարստություն դիզել և այդ ամենը ծածուկ տեղափոխել Վրաստան. սա գործելաոճ է, որը պետք է մտահոգի երկրի ղեկավարներին: Մենք կփորձենք ստանալ համապատասխան անձանց մեկնաբանությունը այս թեմայի շուրջ, թե ինչպես է ստացվում, որ ժողովրդի հոգսով ապրող քաղաքապետը աստիճանաբար պակասացնում է իր ներդրումները Հայաստանում և առավել շատ սկսում է մտահոգվել հարևան վրացի ժողովրդի հոգսերով:
Իսկ եթե Հայաստանում ներդրումային դաշտը այնքան նողկալի է, որ անգամ իշխանականների սեփական քաղաքական թիմի անդամներին վստահություն չի ներշնչում՝ դա խոսակցության բոլորովին այլ թեմա է:
Սոսե Չանդոյան