Բակո Սահակյանի Երևան չգալը որևէ պետության կամ անձնական խնդիրների հետ կապ չունի. Դավիթ Բաբայան
ПолитикаԼրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցի Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջացառումներին: Այս տեղեկատվությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մասնավորապես՝ կայքերում վերլուծություններ եղան, որոնցում նշվում է, թե Արցախի նախագահի Երևան չգալը պայմանավորված է Ռուսաստանի նախագահի արգելքով:
Orer.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ է մեկնաբանել նման խոսակցությունները: «Բնական է, որ անհիմն է այդ ամենը: Ավելին՝ այն լրատվամիջոցները, որոնք տարածում են նման ստահոդ լուրերը, լավ չեն հասկանում կամ պարզապես սենսացիայի հետևից են ընկնում կամ ամենավատը՝ հատուկ են անում, որպեսզի խարխլեն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, որովհետև որևէ կապ մեկը մյուսի հետ չունի:
Նախագահ Սահակյանը լինելու է Արցախում և մասնակցելու է հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: Այստեղ բացվելու է մի մեծ զանգակատուն՝ ի հիշատակ մեր զոհերին, ժողովուրդը պետք է իր մասնակցությունը ցուցաբերի: Կարծում եմ, որ Երևանի և մյուս վայրերի միջոցառումները մեկ միասնական ծրագիր են հայության համար: Անկախ նրանից՝ ով որտեղ է, բոլորն էլ մասնակցելու են այս ամենին: Սա որևէ ձևով որևէ պետության կամ անձնական խնդիրների հետ կապ չունի»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի