Չավուշօղլուն խոստովանել է. հայկական սփյուռքն ու հայերի աջակիցներն ԱՄՆ- ում չափազանց ակտիվ են
ПолитикаԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլուդ Չավուշօղլուն, ով այս օրերին ԱՄՆ-ում է` նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը «կանխելու» նպատակով, խոստովանել է, որ հայկական սփյուռքն ու հայերի աջակիցներն ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են:
Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը` նշելով, որ այս մասին Չավուշօղլուն հայտնել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային եւ քաղաքակրթության կենտրոնում» հանդիպման ժամանակ, որի բացումը նախատեսվում է մոտ ժամանակում:
Կենտրոնում ունեցած ելույթում Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքն, իբր, անմերիկաբնակ «թուրքերի եւ մահմեդականների դեմ ուղղված քարոզչություն է տանում»:«Հայկական սփյուռքն ու նրա աջակիցները ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են: Մեր դեսպան Սարդար Քըլըչն ինձ ասաց, որ դուք աջակցում եք մեզ, ինչի համար շնորհակալ ենք», -դիմելով ներկաներին` ասել է Չավուշօղլուն:Հիշյալ կենտրոնի հանդիսավոր բացումը կկատարեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Օբաման, ինչին մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահը «գործնականում» արդեն տվել է իր համաձայնությունը:
Չավուշօղլուն ամերիկաբնակ մահմեդական հանրությանը հրավիրել է մասնակցել թուրք-ամերիկյան քաղաքացիական հասարակական կառույցների կողմից Վաշինգտոնում ապրիլի 24-ին կազմակերպվելիք «Խաղաղության եւ համերաշխության երթին»: