Ապրիլի 24-ից հետո կարծես նոր ուժերով սկսեցինք խաղալ. Լևոն Արոնյան
СпортՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, շախմատի աշխարհի առաջնությունն յուրովի խորհրդանշում էր հայ ազգի վերածնունդը:
«Հաշվի առնելով այն, որ շատ վատ սկսեցինք առաջնության մեկնարկային տուրերը, ապա այս դեպքում բրոնզե մեդալը վատ արդյունք չէ: Ես գոհ եմ, քանի որ վատ սկսելուց հետո կարողացանք հավաքվել և վերջին 5 խաղափուլում փորձում էինք այնպես խաղալ, որ ամոթով չմնանանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:
Վերջինիս խոսքով`մեկնարկային տուրերում թիմը փորձում էր լավագույն արդյունքը ցույց տալ, բայց չստացվեց, քանի որ թիմի կազմում երկուսը՝ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը լավ մարզավիճակում չէին:
«Հրանտ Մելքումյանը չփչացրեց, հավաքականի կազմում առաջին անգամ հանդես գալու համար բավականին լավ էր և համոզված եմ, որ ինքն ավելի լավ խաղալ կկարողանա: Լիահույս եմ, որ մյուս մրցաշարերում նա կկարողանա հայտնվել հավաքականի կազմում»,-փաստեց Արոնյանը:
«Անկասկած, լարվածություն կար՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Քանի որ այս մրցաշարը ինչ-որ առումով յուրովի խորհրդանշում էր հայ ազգի վերածնունդը: Մենք շատ էինք մտածում այդ մասին, և տղաները լարվում էին: Բայց, երբ անցավ ապրիլի 24-ը, նոր ուժերով սկսեցինք խաղալ: Կարծես թիմն էլ վերածնունդ ապրեց: Ես սա հաղթանակ չեմ համարում, այդ մարդկային տառապանքներն արժանի էին ավելիին, քան բրոնզե մեդալներն էին»,-եզրափակեց Արոնյանը:
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը լավագույն արդյունքի հասավ՝ առաջին խաղատախտակի վրա լինելով առաջինը: