Թուրքիան հետևողականորեն արգելափակել է պահանջատիրություն ներկայացնելու իրավական ճանապարհները
Международные новостиՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո և 101-րդ տարելիցին ընդառաջ աշխարհում ձևավորվել է մի ջրբաժան, որի մի կողմում՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող և համամարդկային արժեքները ամեն ինչից վեր դասող պետություններն են, իսկ մյուս կողմում` իրենց չեզոք պահվածքով և պատմական փաստերի ուրացմամբ զբաղվող պետությունները: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեզ մոտ հստակեցվել է այն պատկերացումը, որ Ցեղասպանության հարցը մենք պետք է տեղափոխենք փոխհատուցման իրավական դաշտ, ինչը շատ կարևոր է»,- «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-ամյակին ընդառաջ. նոր փո՞ւլ» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Անդրադառնալով Թուրքիայից հայկական պահանջատիրության հետ կապված խնդիրներին` Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ներկայումս առկա է Թուրքիայից մեր պահանջատիրության երեք ուղղություն` պետական, եկեղեցական և անհատական: Պետական մակարդակով պահանջատիրության հայց ներկայացնելու համար դեռևս համապատասխան աշխարհաքաղաքական նախադրյալներ չկան, սակայն դա չի նշանակում, որ պահանջատիրությունը պետք է դուրս մնա մեր գաղափարախոսական դաշտից»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը:
Նա շեշտեց, որ Հայ Առաքելական եկեղեցին Արևմտյան Հայաստանում դարերի ընթացքում կառուցել է 2500-ից ավելի եկեղեցիներ և վանքեր: «Մայր Աթոռը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է պահանջեն իրենց ստեղծած հոգևոր և նյութական արժեքները և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն արդեն առաջին քայլերն է կատարել այդ ուղղությամբ. Նա արդեն պաշտոնապես հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով»,- ընդգծեց Մելքոնյանը և հավելեց, որ երբ անցյալ տարի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս առաջին անգամ բարձրացրեց այդ հարցը, պայթեցվեց Դեր Զորի հայկական եկեղեցին, իսկ այս անգամ պայթեցվեց Հալեպի առաջնորդանիստ Սրբոց Քառասնաց Մանկանց եկեղեցին, ինչը խորը մտածելու տեղիք է տալիս:
Բանախոսը հիշեցրեց նաև, որ 1920 թվականից ի վեր Թուրքիան հետևողականորեն արգելափակել է պահանջատիրություն ներկայացնելու բոլոր հնարավոր իրավական ճանապարհները: «Թուրքական իշխանությունները ժամանակին ընդունել են մի ուշագրավ օրենք, ըստ որի, Թուրքիայի անշարժ գույքի պետական կադաստրները իրավունք չունեն փաստաթղթեր տրամադրել 1914 թվականից հետո Օսմանյան կայսրությունից հեռացած անձանց, որը բնականաբար, վերաբերում է մեզ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին միջազգային դատարաններում պետք է բողոքարկել հենց այդ օրենքը, որովհետև Թուրքիայի ա նշարժ գույքի պետական կադաստրներում առկա են հայերին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը և հավելեց, որ 2005 թվականին թվայնացվել են թուրքական կադաստրներում առկա բոլոր փաստաթղթերը, բացի հայերին վերաբերող փաստաթղթերից: