Սարգիս Հովսեփյանի համար այս գավաթն էլ նույն քաղցրությունն ունի, ինչ որ նախորդը
СпортՖուտբոլի Հայաստանի նորընծա գավաթակիր Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի կարծիքով թիմն արեց այն, ինչ պլանավորել էր:
«Ինչպես միշտ «Փյունիկ»-ն ուզում էր արագ գոլի հեղինակ դառնալ: Անկախ պաշտպանության թույլ տված սխալներից, ես կարծում եմ, որ մենք տիրում էինք խաղային իրավիճակին, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին: Մենք արեցինք այն, ինչ պլանավորել էինք: Գավաթը քանի անգամ էլ նվաճես, միևնույն է՝ նույն քաղցրությունն ունի: Սա ցույց է տալիս, որ աշխատանքը արդյունք է տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:
Նրա խոսքով` ընդհանուր, թիմային խաղի շնորհիվ է, որ «Փյունիկ»-ը գոլեր խփեց: «Տղաների ասել էի, որ ցանկացած պահ կարող որոշիչ լինել, պետք է հավաքված խաղ ցույց տալ: Ուրախ եմ, որ տղաները հասկացան, թե ես ինչ էի ուզում խաղից»,- ընդգծեց մարզիչը:
Հովսեփյանն անդրադարձավ նաև Կառլեն Մկրտչյանին՝ փաստելով, որ նա թեթև խնդիրներ ունի: «Կփորձենք բարձրագույն խմբի թիմերի հետ ընկերական խաղեր անցկացնել. ամեն ինչ անելու ենք, որ նա խաղային փորձ ձեռք բերի»,- ասաց նա:
Երևանի «Փյունիկ»-ը իր պատմության մեջ 8-րդ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին: Մինչ այս «Փյունիկ»-ը նախորդ երկու տարիներին ևս հաղթել էր գավաթի եզրափակիչներում: