ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բուռն քննարկումներ անցած օրինագծերի փաթեթները
ПолитикаՊարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների վերադրոշմավորման ժամկետը երկարաձգող և արտերկրում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներ կատարող կազմակերպությունների գրանցումը Հայաստանում խթանող օրինագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կա տարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ ձայներ չկային:
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթն ընդունվեց 68 կողմ, 14 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը շեշտեց, որ եկամտահարկի եւ շահութահարկի օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանում գրանցված կազմակերպությունների համար շահութահարկը նվազեցնել և սահմանել 5 տոկոս, երբ դրանք բացառապես շինարարության և շինմոնտաժային գործունեություն են իրականացնում Հայաստանից դուրս և զուգահեռաբար, այդ կազմակերպությունների վարձու աշխատողների համար եկամտահարկը սահմանել 13 տոկոս: «Սա հարկային խթան է, որ արտերկրում գրանցում ունեցող կազմակերպությունները գան ու պետական գրանցում ստանան Հայաստանում»,-ասաց Վախթանգ Միրումյանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ «օրենքի նախագիծը չի ազդում արտագնա աշխատանքի մեկնող մեր անհատ հայրենակիցների վրա»: