Անկախ միջազգային կառույցների գնահատականներից՝ ԼՂՀ-ում կա ժողովրդավարության բավական բարձր աստիճան. Կ.Բեքարյան
ПолитикаԱյսօր՝ մայիսի 7-ին, լրագրողներին է հանդիպել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: Բանախոսն անդրադարձ է կատարել մայիսի 3-ին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին:
Ըստ նրա՝ անկախ միջազգային կառույցների գնահատականներից՝ ԼՂՀ-ում կա ժողովրդավարության բավական բարձր աստիճան, կան լեգիտիմ ընտրված իշխանություններ, և այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
Բեքարյանը նշեց, որ ընտրությունների որակի առումով ճիշտ չէ դրանք համեմատել Ադրբեջանի հետ: «Այստեղ համեմատության եզր չկա, կարելի է համեմատել եվրոպական ցանկացած երկրի հետ, բայց ոչ այնպիսի երկրի, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասաց քաղաքագետը:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը նաև նկատեց. «Այս ընտրություններն աչքի ընկան իրենց մրցակցային ձևաչափով. հաշվի առնենք այն փաստը, որ մասնակցում էին 7 քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաև երիտասարդ քաղաքական ուժեր»:
Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Կ.Բեքարյանն ասաց, որ, ըստ էության, նրանք, հայտարարության համաձայն, ընդունում են հանրության դերն իր ապագան որոշելու գործընթացում, բայց միևնույն ժամանակ նշում, որ այս ընտրությունները չեն կարող ազդեցություն ունենալ կարգավիճակի վերջնական ճանաչման համար: «Բայց այստեղ գրեթե հստակ ձևակերպված է մադրիդյան սկզբունքների այն թեզը, որ ԼՂՀ հանրությունը պարտադիր մասնակցում է իր ինքնորոշմանը, այսինքն՝ ինքնորոշման ճանաչման կետը տեսնում ենք հայտարարության մեջ»,- հավելեց նա:
Քաղաքագետն արձանագրեց, որ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը միակարծիք են նրանում, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, և Ադրբեջանի կողմից առկա է ուժի կիրառման սպառնալիք:
Բեքարյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացներում անհնար է հակամարտության կարգավորումը առանց ԼՂՀ մասնակցության:
Լևոն Փանոսյան