Կլոպ. Հյումմելսը և Մխիթարյանն իրար վատ խոսքեր չեն ասել
СпортԳերմանիայի առաջնության 32-րդ տուրի` «Բորուսսիա»-«Հերտա» (2-0) հանդիպման վերջնամասում «Հերտայի» ֆուտբոլիստ Ֆաբիան Լուստենբերգերը խախտեց կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Ֆաբիանը խախտման համար զգուշացվեց, իսկ ադ պահին խոտածածկին հայտնված Մխիթարյանին մոտեցավ դորտմունդցիների ավագ Մաթս Հյումմելսը, հրեց հայ ֆուտբոլիստին և ինչ-որ բան ասաց: Տեղի ունեցածի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ամեն ինչ մարդակայնորեն կարելի է հասկանալ, ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է: Դրվագներից մեկում Միկին փոխանցում չկատարեց, իսկ հետո փորձեց գնդակը մրցակցի ոտքերի արանքով անցկացնել: Պաշտպանը, բնականաբար, նման իրավիճակում դա նպատակահարմար չի համարում: Դրա համար Մաթսը նրան մի փոքր հրեց:
Հասկանալի է, որ տեղի ունեցածը տոն չէ, բայց երկուսն էլ դաստիարակված տղաներ են, նրանք իրար վատ խոսքեր չեն ասել: Մի փոքր բղավեցին, բայց արդեն հանդերձարանում հանգիստ զրուցում էին»,-Կլոպի խոսքերը մեջբերված են «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:

Դրվագի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել նաև Հյումմելսը: Գերմանացի պաշտպանը Twitter-ի իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հենրիխին ասացի, որ կողքից ամեն ինչ ավելի կոպիտ է թվացել, քանի իրականում էր: Ես պարզապես նրան խնդրեցի, որ սեփական կիսադաշտում դրիբլինգի չդիմի»: