Իսկո. Չեմպիոնների լիգայում հանձնվելու իրավունք չունենք
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Վալենսիայի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման առաջին կեսից հետո «Ռեալը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն երկրորդ կեսում Պեպեի և Իսկոյի գոլերի շնորհիվ կարողացավ խուսափել պարտությունից:
-Ավելին չկարողացանք անել: Երեք անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, չիրացված 11-մետրանոց... Մեր բախտը չբերեց, բայց «Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի: Դիեգո Ալվեսը հիանալի խաղաց: Ցավալի է, որ հաղթելու համար մեզ չբավարարեց ընդամենը մեկ գոլը:
Չեմպիոնների լիգայում մեր երկրպագուների առջև հանձնվելու իրավունք չունենք: Չորեքշաբթի երկրպագուների աջակցությունն ենք զգալու: Ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ թիմին օգնել, եթե անգամ սկզբում պահեստայինների թվում լինեմ: Ամենակարևորը թիմն է,-Իսկոյի խոսքերը մեջբերված են «Ռեալի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 13-ին: