Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամները կայցելեն Հայաստան
ПолитикаՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏՄ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում:
Մայիսի 14-ին տեղի կունենա քննարկում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նույն օրը ՀՀ կառավարության մամուլի սրահում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների (նախարարների) և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի մամուլի ասուլիսը: