Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցներն սատարում են ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբին
ПолитикаԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին նշվում է հռչակագրի եզրափակիչ տեքստում: «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժաշետությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության տեսանկյունից: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման և վստահության կառուցման գործում, ինչպես նաև ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է հռչակագրի տեքստում` ընդգծալով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009 թվականից ի վեր արված հայտարարություններին:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21-ի երեկոյան աշխատանքային ընթրիքով: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մասնակից վեց պետությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նախագահում է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի ինստիտուտներից կլինեն նաեւ, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվան ագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:
Գործընկեր վեց երկրների թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝ հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին: