Ես ձեզ հետևելու եմ մարզադաշտից որպես երկրպագու. Անչելոտին հրաժեշտ է տվել «Ռեալին»
СпортՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները երեկ հրաժեշտ են տվել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, ով վերջին անգամ այցելել է թիմի՝ Վալդեբեբասում գտնվող մարզաբազա։
Իտալացի մասնագետը մի քանի օր առաջ էր հեռացվել «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Անչելոտին գնացել է հավաքելու մարզաբազայից իր անձնական իրերը և անձամբ հրաժեշտ տալու այնտեղ գտնվող ֆուտբոլիստներին։
Ակումբի խաղացողներն ու աշխատակիցները տխրությամբ են հրաժեշտ տվել «Կարլո հայրիկին», ում փոխարինելու է Ռաֆայել Բենիտեսը։
«Դուք դեռ կվերադառնաք մեզ մոտ»,-ասել են մարզաբազայի անվտանգության աշխատակիցները։ Անչելոտին հրաժեշտ է տվել նաև բժիշկներին, խոհարարներին և մյուս տեխնիկական աշխատակիցներին։
«Ես ձեզ հետևելու եմ մարզադաշտից որպես երկրպագու»,- ասել է իտալացի մասնագետը ֆուտբոլիստներին՝ նշելով, որ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մեկ տարվա բաժանորդագրություն է գնելու։
Անչելոտիի պլանները կարող է խախտել «Միլանը», որը ցանկանում է նրան վերադարձնել թիմ որպես գլխավոր մարզիչ։ Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է Անչելոտիին հյուրանոցում։ Լրագրողները «Ռեալի» նախկին մարզչին խնդրել են մեկնաբանել հանդիպումը, սակայն նա հրաժարվել է՝ բացականչելով «Հալա Մադրիդ»։