Ռուսաստանի կողմից արվում են հայտարարություններ, որոնք ինչ որ տեղ վիավորական են մեզ համար. Ռուբեն Հակոբյան
ПолитикаԱյսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայատարարեց, որ հունիսի 3-ից 5-ը Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 26-րդ նիստը.
«Նիստի շրջանակներում մենք ՌԴ Պետդումայի նախագահի առաջին տեղակալի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալի հետ ունեցել ենք հանդիպում, որի ժամանակ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների համար կարեւոր խնդիրներ:
Հանդիպումները մեզ եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին ընդգծել հայ-ռուսական միջպետական եւ միջխորհրդարանական բարձր մակարդակը, խոսել այն ներուժի մասին, որի միջոցով մեր խորհրդարանները պետք է համագործակցությունը խորացնեն»:
Հ. Նաղդալյանը նաեւ հավելեց, որ իրենք շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերներին Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումներին ակտիվ ներգրավվածություն ունենալու համար. «Մենք օգտագործեցինք առիթը եւ շնորհակալություն հայտնեցինք ռուսաստանցի մեր գործընկերներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ապրիլի 24-ի գործողություններին ակտիվ մասնակցելու համար»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան կապին, նշեց, որ ինքը խոսել է Ռուսաստանի կողմից մեր երկրի հասցեին հնչեցված որոշ անհարիր արտահայտությունների մասին.
«Հանդիպումների այս ֆորմատը հետաքրքիր է նրանով, որ պատգամավորները կարողանում են ազատ ու անկաշկանդ արտահայտել իրենց դժգոհությունները, եւ շտկել իրենց սխալները:
Գիտեք, երբեմն Ռուսաստանի կողմից արվում են հայտարարություններ, որոնք ինչ որ տեղ վիավորական են մեզ համար: Այս հարցը ես հանդիպման ժամանակ բարձրացրել եմ: Անկեղծ ասած՝ նրանք լսեցին մեզ եւ համաձայնվեցին արտահայտված մտքի հետ»:
Պատգամավորները նշեցին նաեւ, որ երկու երկրների ներկայացուցիչներն էլ շատ ակտիվ մասնակցություն են ունեցել եւ՛ բանավեճերին, եւ՛ քննարկումներին:
Սոսե Չանդոյան