ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են նախորդ նիստում: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանն ավարտել է «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
Պատգամավորներն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել իր եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` հայրենիքը պաշտպանելիս վնասվածք ստացած քաղաքացու առողջությունը լիարժեք վերականգնելու խնդիրը ամբողջապես պետք է հոգա պետությունը: Օրենքի ընդունման դեպքում իրավական հիմք եւ ընթացակարգ կսահմանվի զինծառայողների կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումը նաեւ արտասահմանում իրականացնելու նպատակով: