Էդվարդ Նալբանդյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ
ПолитикаՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը և Իրանը կապված են ավանդական ջերմ, փոխշահավետ հարաբերություններով, որոնց վկայությունն է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունը, տարբեր բնագավառներում ակտիվ փոխգործակցությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Ռահիմ Փուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բարեմաղթանքները։ Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծել է, որ Իրանը կարևորում է հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, կարևորել են միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունը, քննարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս համատեքստում արծարծվել է համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Փոխնախարար Ռահիմ Փուրը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։