ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները շարունակում են հրատապ նախագծերի քննարկումը. Ուղիղ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի 5-րդ նիստը: Գրանցվել է 100 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Հունիսի 18-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներն քննարկել են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը:
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկվել են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերոնշյալ օրենքի մասն կազմող՝ «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների թիվ 1 ցանկում ավելացնել նաեւ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթի նպատակը ջրային ոլորտում մատակարարման կառավարման ու կարգավորման գործառույթների հստակ տարանջատումն է, ինչի դեպքում ակնկալվում է ջրային ոլորտում ստեղծել իրավասու մարմինների առավել արդյունավետ համակարգ:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:Նախաձեռնությամբ առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելը, ինչը հնարավորություն կտա գործընթացը դարձնել առավել սահուն եւ ամբողջական: Այդ ընթացքում հնարավոր կլինի հանրությանն առավել արդյունավետ իրազեկել:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներն սկսել են քննարկել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 19-ի նիստում: