ԻՊ-ը Հայաստանի համար սպառնալիք կլինի, երբ իրագործի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված ծրագրերը. արաբագետ
Политикаtert.am-ը գրում է.
«Իսլամական պետությունը» ծայրահեղական խմբավորումն անուղղակի կերպով սպառնում է ամբողջ աշխարհին, իսկ ուղղակի՝ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրներին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի արած հայտարարությանը, համաձայն որի «Իսլամական պետությունը» բացահայտ հայտարարում է ԱՊՀ-ում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին:
«Ռուս պաշտոնյայի հայտարարությունը, ընդհանուր առմամբ վերաբերում է այն ԱՊՀ երկրներին, որտեղ կա մուսուլմանական բնակչություն: Այդ երկրներում կատարվում է այդ պետության զինվորների հավաքագրում, որոնք մեկնելով Սիրիա կամ Իրաք վերադառնում են ու սպառնալիք են դառնում իրենց երկրների համար: Հենց սա է «Իսլամական պետության» անուղղակի սպառնալիքը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամ Հայաստանին ուղղված սպառնալիքին, ապա Արմեն Պետրոսյանը նշեց, թե քանի որ Հայաստանում մուսուլմաններ շատ քիչ կան, հետևաբար այստեղ «Իսլամական պետությունը» նույնիսկ անուղղակի կերպով գործելու հնարավորություն չունի:
«Հայաստանի համար այստեղից բխող վտանգը Մերձավոր արևելքում ապրող մեր համայնքներն են, այսինքն, նրանց անվտանգությունն է: Մեզ համար «Իսլամական պետության» սպառնալիքը կուղղվի այն դեպքում, երբ մեր հարևան երկու պետություններին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ գործողություն սկսի իրականացնել, որն իրականում երկարաժամկետ հեռանկարում կանխատեսված ծրագիր է: Իսլամական պետութունը չի թաքցնում, որ ինչ-որ նպատակներ ունի Ադրբեջանի հետ կապված: Եթե դրանք փորձեն իրականացնել դրանից հետո, ուղղակի սպառնալիք կուղղվի դեպի Հայաստան»,-ասաց նա:
Հարցին, թե ինչն էր պատճառը ռուս պաշտոնյանի հայտարարության, արաբագետը նկատեց, որ ՌԴ-ն պարբերաբար իր մտահոգությունը հայտնել է, բայց այստեղ առկա են բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրներ:
«Իսլամական պետության մասին խոսելիս որքան էլ նշենք, թե ինքնուրույն կառույց է, այնուամենայնիվ, կան երրորդ երկրներ, անգամ տարածաշրջանից դուրս, որոնք փորձում են օգտագործել այդ կառույցի գոյությունը սեփական շահերին: ՌԴ-ում հիմա նման արձագանք կա, որովհետև Իսլամական պետության դեմ այսօր պայքարող Միջազգային ռազմական կոալիցիան իր գործունեության վերջին 10 ամիսերին որևէ դրական արդյունք չի արձանագրվել: Այսինքն՝ «Իսլամական պետությունը» շարունակում է ընդլայնվել, նոր տարածքներ ձեռք բերել, հզորանալ, նրա շարքերը սկսում են համարել նորանոր իսլամականներ»,-ասաց նա:
Բացի այդ, Արմեն Պետրոսյանը նշեց, որ անկյունաքարային նշանակություն ունի ԱՄՆ-ի որոշ պաշտոնյանների հայտարարություներն այն մասին, թե «Իսլամական պետության» դեմ պայքարը կարող է տևել մինչև 18 տարի:
«Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ-ն հնարավորություն է ստեղծում իր համար այս տարածաշրջանում ունենալ ակտիվ ներկայություն, հետևաբար, օգտագործելու նաև կառույցի անուղղակի սպառնալիքներն իր աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ, այդ թվում նաև ՌԴ-ի ու Չինաստանի դեմ»,- ասաց նա: