150 մլն դոլարի վարկային համաձայնագիր՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միջանցիկ շինարարության համար
ПолитикаԱյսօր ՀՀ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի շրջանակներում քննարկվում է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ-ի ապրիլի 14-ին ստորագրված Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցիկ շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հարցի հետ կապված նշեց. «Վարկի չափը 150 մլն դոլար է, առավելագույն ժամկետը՝ 20 տարի, տրվում է 1, 65% տոկոսադրույքով: Վարկից հինգ տարին արտոնյալ է, մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացումից 5 տարի անց»:
Արթուր Առաքելյանն իր խոսքում նաեւ նշեց, որ ինչպես համաձայնագրով նախատեսված է, առաջինը Ագարակից Քաջարան 20 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը խորհրդատուի ծառայություններն են, վերահսկողության տեխնիկական աշխատանքների համար վճարվելիք գումարները, ինչպես նաև ինժեներական ծառայությունները և երրորդը՝ վարկային համաձայնագրում նախատեսված են չնախատեսված ծախսեր՝ 6, 850 մլն դոլար:
Փոխնախարարը նաև հավելեց. «Այս ծրագրով նախատեսվում է Իրանից դեպի Քաջարան ճանապարհահատվածը վերանորոգել, որը բարդ ռելիեֆային գոտի է: Նախատեսվում է, որ ճանապարհը կլինի արագընթաց»:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Ա. Առաքելյանի խոսքով՝ բանակցությունների արդյունքում հստակեցվել է, որ Իրանից էլ համանման ծրագիր է իրականացվում. ճանապարհը գալու է և միանա այս նոր կառուցվող ճանապարհին, ինչն էլ հիմք է տալիս մտածել, որ դա տարածաշրջանային ճանապարհ է լինելու, որը, որպես տարանցիկ ճանապարհ, Պարսից ծոցը կմիացնի Սևծովյան երկրների հետ:
Սոսե Չանդոյան