Իրանի միջուկային խնդրի լուծման պարագայում Հայաստանի համար կարող է աննախադեպ իրավիճակ ստեղծվել. Ռուդիկ Յարալյան
ПолитикаԻրանի միջուկային խնդրի շուրջ իրադարձություններն ընթանում են սպասելի հունով: Այսինքն՝ ոչ մի արտառոց երեւույթ տեղի չի ունեցել, սովորականի նման երկուստեք կիրառվում են հռետորաբանական հնարքներ:«Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ անդրադառնալով Իրանի և միջազգային վեցնյակի միջեւ հունիսի 30-ին նախատեսված բանակցությունների վերջնական փուլին:
Իրանագետի դիտարկմամբ՝ արեւմտյան շրջանակում մեծացել է Իրանի կառավարության նկատմամբ դժգոհությունների ալիքը, ինչը, ըստ բանախոսի, ունի երկու նպատակ:«Առաջինը՝ ցույց տալ, թե իրենք բնավ կառչած չեն միջուկային հիմնախնդրի լուծմանը: Այսինքն՝ միջուկային հիմնախնդրի չլուծման դեպքում ունեն նաև պահեստային տարբերակներ: Երկրորդն ուղղված է Իրանի հասարակությանը՝ ցույց տալու, որ միջուկային հիմնախնդրի հարցում ձախողումները հենց գործող իշխանության ձախողումներն են, այլ ոչ ամբողջ համակարգի : Այս տեսանկյունից Գերագույն հոգևոր առաջնորդի մոտ կանգնած որոշակի շրջանակներ ակտիվություն են ցուցաբերում»,-մեկնաբանել է նա:
Բանախոսն ամենեւին չի բացառում բանակցությունների գործընթացն անորոշ ժամկետով երկարաձգելը: «Մոտեցել է միջուկային հիմնախնդրի լուծման վերջնաժամկետը, դա ակնհայտ է, իսկ թե որքա՞ն կձգձգվի, դժվար է այս պահին կանխատեսել: Այնուամենայնիվ, խնդիրը պետք է լուծվի և, կարծում եմ, կլուծվի մոտ ապագայում»,-ասել է նա:
Իրանի միջուկային հիմնախնդիրն այն կետն է, որի շուրջ Ռուսաստանը և Արևմուտքը համակարծիք են: Իրանագետը սա լուրջ իրողություն է համարում: «Սա նշանակում է, որ Ռուսաստանը այնքան էլ դեմ չէ, որ Իրանը կարգավորի իր հարաբերությունները Արևմուտքի հետ: Ի վերջո, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Իրանը, այսպես, թե այնպես, կարգավորելու է հարաբերությունները Արևմուտքի հետ, ապա Ռուսաստանն այս համատեքստում փորձում է դիվիդենտներ շահել և դուրս չմնալ գործընթացներից: Սա մեծածավալ գործակցության հիմք կարող է դառնալ ինչպես Իրանի և Արևմուտքի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի միջև»,-հավաստիացրել է իրանագետը:
Իրանը մշտապես փորձել է և տարածաշրջանում, և, ընդհանրապես, աշխարհաքաղաքականության համատեքստում հանդես գալ որպես առանձին գործոն, այլ ոչ թե հարել այս կամ այն բևեռին: «Ուստի՝ տարածաշրջանում իրանական գործոնը բավական կայուն և ինքնուրույն է, որի հետ հաշվի են նստում և Արևմուտքը, և Ռուսաստանը»,-նկատել է բանախոսը:
Յարալյանը համակարծիք չէ այն պնդումներին, թե Իրանի միջուկային խնդրի լուծումից Հայաստանը որեւէ շահ չունի: Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարող է աննախադեպ իրավիճակ ստեղծվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացումը: «Հայաստանի մեկուսացումը Իրանի միջոցով կարող է բավական լավ կոմպենսացվել: Խոսքը և առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, նաև հեռանկարում էներգետիկ գործակցությանը մասին է, և երկու կարևորագույն նախագծերի, որոնք այսօր իրականացման փուլում են և կարող են մեծ խթան դառնալ, որպեսզի դրանք ավարտվեն կարճաժամկետ հատվածում: Խոսքը Իրան-Հայաստան երկաթգծի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին է»,- եզրափակել է իրանագետը: