Հայաստանում Մայդան չի լինի, քանի որ…
ПолитикаԱրդեն 6 օր է, ինչ ՀՀ հպարտ եւ անկոտրում քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման դեմ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ստեղծված իրավիճակի մեջ մեծ մեղավորության բաժին ունեցող ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ հոսանքի գինն, այնուամենայնիվ, կբարձրանա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցարարներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան, քանզի պայքարը ի սկզբանե դատապարված է անհաջողության:
Նկատենք, որ վարչապետի հայտարարությունները, մեղմ ասած, նստացույց իրականացնող քաղաքացիների «վեջներին չէին», նրանք ոչ միայն անտեսել են վարչապետի խոսքը, այլ հրավիրել են նրան Բաղրամյան պողոտա. սակայն արդյո՞ք Հ.Աբրահամյանը կունենա այդքան քաջություն եւ կայցելի ցուցարարներին` մեծ հարցական է:
Նշենք, որ ստեղծված իրավիճակին հետեւում ու լուսաբանում են առաջադեմ պետությունները, որոնց լրատվամիջոցները ըստ իրենց ճաշակի են ներկայացնում տեղի ունեցող զարգացումները:
Օրինակ՝ ռուսական ԶԼՄ-ները մի տեսակ շատ անհանգիստ են իրենց բարեկամ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, նրանք այստեղից եւս Մայդանի հոտ են առնում: Թե արդյոք Հայաստանում Մայդան կարելի է տեսնել, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանից.
«Դատելով ոստիկանների կողմից իրականացված գործողություններից, որոնք տեղի ունեցան լուասդեմին՝ բնական է, որ քաղաքացիներն իրենց ինքնապաշտպանության համար պետք է քայլեր ձեռնարկեին` կլինի դա աղբամանների տեղադրումով, թե այլ կերպ: Ինչ վերաբերում է Մայդան լինել-չլինելուն, իմ կարծիքով, նման զարգացումներ տեղի չեն ունենա»:
Մայդանի անհնարինությունը Ստյոպա Սաֆարյանը պարզաբանեց հետեւյալ կերպ.
«Ինչպես տեսնում ենք, իշխանությունները հանդուրժում են տեղի ունեցող իրադարձությունները, անգամ այն աղբամանները, որոնք հայտնվեցին փողոցի մեջտեղում: Պատճառն էլ այն է, որ ցուցարարների պահանջն առաջին իսկ օրվանից մնացել է նույնը, նրանք չեն պահանջում նախագահի կամ վարչապետի հրաժարականը, պայքարի դուրս եկած քաղաքացիները ընդամենը մեկ բան են պահանջում` ապօրինի որոշման կասեցում, ինչը, թույլ տվեք նկատել, շատ տեղին է»:
Սոսե Չանդոյան