Հանրային քննարկում կապված Բաղրամյան պողոտան ազատելու վերաբերյալ
ПолитикаԱյսօր առավոտյան «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հարցազրույցներից մեկում նշեց, որ եկել է տուն գնալու ժամանակը.
«Հարկավոր է գնալ տուն, ոչ թե պարտված, այլ հաղթանակած: Մենք մեր հավաքվով իրականում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց լուծեցինք, որոնցից մեկն էլ Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելն է»:
Թեպետ հավաքվածներից ընդամենը մի մասն է համաձայն Շուշանյանի այն հայտարարությանը, որ պետք է տուն գնալ, այնուամենայնիվ այսօր եւս հազարավոր մարդիկ հավաքվել են Բաղրամյան պողոտայում, նրանք երգում են Հայաստանի Հանրապետության հիմնը եւ հայրենասիրական երգեր: Տեղեկացնենք, որ ինչպես նախապես տեղեկացվել էր, նախաձեռնության անդամները հանդես եկան կարեւոր եւ որոշիչ հայտարարությամբ.
«Հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ տնտեսական իրավիճակը, ՀՀ իշխանությունների եւ հասարակության միջեւ աննախադեպ վստահության բացակայությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով «Ո'չ թալանին» համախմբվածությունն ու աննախադեպ ակտիվությունը, հայտարարում եմ.
Սույն թվականի հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում, որի համաձայն, առանց որոշակի տնտեսական հիմքերի, բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը` 6,93 դրամով: Հունիսի 19-ին Ազատության հրապարակում եւ մի շարք քաղաքներում սկսվեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ վերոհիշյալ անհիմն որոշման: Հունիսի 19-ի հավաքից հետո, ցույցի մասնակիցների կողմից որոշում կայացվեց, անց կացնել եռօրյա նստացույց խաղաղ պայմաններով` Ազատության հրապարակում, ժամանակ տալով իշխանություններին մինչեւ հունիսի 22-ը ժամը 18.00-ն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարել: Հարկավոր էր վերանայել նաեւ գործող սակագինը: Չստանալով գործող իշխանությունների կողմից դրական պատասխան, մենք եւ ցուցարարներն ինքնաբուխ կերպով ինքնակազմակերվեցինք ու երթով շարժվեցինք դեպի Բաղրամյան փողոց, փորձելով այնտեղից ստանալ ժողովրդի արդար պահանջի պատասխանը:
Սահմանադրական դատարանի մերձակայքում հանդիպելով ոստիկանական պատնեշի ցուցարարները հայտարարեցին խաղաղ նստացուց` հենց Բաղրամյան փողոցում: Հունիսի 23-ի առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանները ցուցարարների նկատմամբ իրականացրեց անհամաչափ բռնի ուժ` հատուկ միջոցների կիրառմամբ: Հարկ է նշել, որ գործողություններին մասնակցեցին նաեւ քաղաքացիական հագուտով ոստիկաններ, որի արդյունքում խաղաղ ցուցարարները հետապնդվեցին ու բերման ենթարկվեցին: Մոտ 237 խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը քննադատվեց միջազգային բարձր աստիճաններում: Տեղի ունեցածի հետ կապված, ունենք մեկ պահանջ, այն է ` հայտնաբերել եւ պատժի ենթարկել ժողովրդի նկատմամբ բռնի ուժ գործադրած ոստիկանական խմբերին: ,Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական շահարկումները այս թեմայով: Նստացույցի ընթացքում մասնակիցների շրջանում ձեւավորված գերակշռող կարծիքների արդյունքում, քննարկելով եւ համադրելով բոլոր առաջարկները, «Ո'չ թալանին» նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հայտարարություններին: Նախաձեռնությունն առաջարկում է անց կացնել հանրային քննարկում, որի արդյունքում որոշողը կլինենք մենք՝ բոլորս, իսկ շարժումն էլ կմիանա ժողովրդի որոշմանը»:
Սոսե Չանդոյան