Թիավարության մեծահասակների ՀՀ առաջնությանը մասնակցել են 110 թիավարող
СпортԵրևանյան լճում անցկացված ակադեմիական, բայդարկաներով և կանոէներով թիավարության մեծահասակների ՀՀ առաջնությանը մասնակցել են 110 թիավարողներ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության լրատվական ծառայությունը:
Ակադեմիական թիավարության 1000 մետր մրցատարածությունում մեկտեղանոց նավակում տղաների պայքարում հաղթել է Մակար Սարգսյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ աղջիկների պայքարում՝ Անետա Բարսեղյանը (անձնական մարզիչ՝ Անա Եգորյան), երկտեղանոց նավակում 1 թիակով հաղթող են ճանաչվել Փայլակ Միրզոյանը և Վրեժ Գյուլնազարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երկտեղանոց նավակում 2 թիակով՝ Մհեր Ջանիկյանը և Սերգեյ Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Բաղդասարյան):
Բայդարկաներով մեկտեղանի 200, 500 և 1000 մետր մրցատարածություններում հաղթել է Էդգար Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան): Բայդարկաներով երկտեղանոց 200, 500 և 1000 մետր մրցատարածությունում հաղթել է Էդգար Գրիգորյան և Գևորգ Խաչիկյան զույգը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան): Բայդարկաներով չորստեղանոց 1000 մետր մրցատարածությունում հաղթել է Էդգար Գրիգորյան, Գևորգ Խաչիկյան, Ռոման Պալատայան, Ռազմիկ Գևորգյան թիմը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան):
Բոլոր հաղթողները «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներն են:
Կանոէներով մեկտեղանոց 200 և 1000 մետր մրցատարածություններում առաջին տեղը գրավել է Հայկ Ստեփանյանը (Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Սարգսյան), իսկ 500 մետր մրցատարածությունում՝ Նորիկ Մարգարյանը (Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ավետիք Մալխասյան): Կանոէներով երկտեղանոց 200 և 500 մետր մրցատարածություններում հաղթել է Արա Վիրաբյան և Վահե Դավթյան զույգը (Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ավետիք Մալխասյան), իսկ 1000 մետր մրցատարածությունում՝ Հայկ Ստեփանյան և Սերգեյ Գրիգորյան զույգը (Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Սարգսյան):