Ինչպես արդեն տեղյակ եք՝ ես հիմնել եմ նոր լրատվական – վերլուծական կայք, որը կրում է orer.am անվանումը: Հարկ եմ համարում ձեզ տեղեկացնել նոր կայքի ստեղծման դրդապատճառների և ապագայի իմ տեսլականի մասին:
Ինչպես տեղյակ եք՝ ես շուրջ մեկ տարի եղել եմ հայաստանյան ամենաառաջատար մի շարք լրատվամիջոցներ իր մեջ ընդգրկող International Media Holding-ի գլխավոր խմբագիրը, մի պաշտոն, որը լրջագույն դերակատարություն ունեցավ իմ կենսագրության մեջ: Իմ առջև բացվեցին լայն հնարավորություններ՝ ղեկավարել կայքեր, որոնք միշտ իրենց բարձրության վրա էին, որոնց հրապարակումները մեծ ռեզոնանս էին առաջացնում, սակայն որևէ մեկի մտքով չէր անցնում լռեցնել մեր ձայնը, որովհետև հոլդինգում գործում էին հստակ չափանիշներ, գումարած, իհարկե, հոլդինգի սեփականատիրոջ՝ Արման Վարդանյանի անձնական կշիռը: Այդ մեդիա-կառույցը ինձ համար եղավ մեծ դպրոց, որտեղ ես շատ բան սովորեցի, սովորեցի հավասարակշռված, անկաշառ և ազդեցիկ լրատվություն ստեղծելու և մատուցելու չափանիշները, սովորեցի վերցնել ստեղծված բարձր նշաձողն ու պաշտպանել այն: Եթե կյանքում ևս մեկ անգամ ընտրության մեդիադաշտում այլ աշխատանքի անցնելու երկընտրանքի առաջ լինեի՝ միանշանակ կընտրեի International Media Holding-ը: Հրաշալի թիմ և ողջախոհ ղեկավար կազմ՝ սա է եղել մեր հաջողության գաղտնիքը:
Այժմ՝ orer.am կայքի ստեղծման մասին: Երբ ինձ մոտ հասունացավ իմ սեփական լրատվամիջոցը բացելու գաղափարը՝ դիմեցի Արման Վարդանյանին, ով իմ լավ ընկերն է և քաղաքական ու քաղաքացիական նոր, թարմ որակներ կրող անձնավորություն, և հայտնեցի իմ մտադրության մասին: Վարդանյանը ասաց, որ մշտապես ուրախ է իր ընկերների հաջողություններով, ուրախ կլինի, եթե հաջողություններ ունենամ իմ նոր ճանապարհին և առաջարկեց իր լիակատար աջակցությունը՝ իմ սեփական նախագծի կայացման հարցում: Այդպես ես ստեղծեցի orer.am-ը, որն ընդամենը մի քանի օրում ռեկորդային դիտումներ և կայուն լսարան հավաքեց:
Այժմ ես և իմ ստեղծագործական թիմը աշխատում ենք կայքի կայացման և զարգացման ուղղությամբ: Այն լինելու է ազատ և հավասարակշռված հարթակ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական շերտերի համար:
Այժմ՝ վերջին օրերին տարածված որոշ ասեկոսեների մասին: Շատերը կայքի ստեղծումը կապում են այս կամ այն քաղաքական ուժի կամ գործարարի ֆինանսական աջակցության կամ լիակատար սեփականության իրավունքի հետ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ orer.am-ը հիմնադրվել է իմ, բացառապես իմ ֆինանսական միջոցներով, պատկանում է բացառապես ինձ և շարունակելու է մնալ այդպիսին: Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել: Ես ունեմ նպատակներ, և իմ համեստ միջոցները չեմ խնայում դրանց հասնելու համար:
Բարի երթ orer.am-ին և ստեղծագործական թիմին՝ ընտրած բարդ ճանապարհին…
Վարուժան Բաբաջանյան