Հայաստանի համար Շանհայան համագործակցության կազմակերպությունը լայն հեռանկարներ է բացում. Շարմազանով
ПолитикаՀայաստանը կարևորում է Շանհայան համագործակցության կազմակերպության գործընկեր դառնալու հանգամանքը: «Դեռևս 2012 թվականից Հայաստանը հայտ էր ներկայացրել Շանհայան համագործակցության կազմակերպության գործընկերոջ և դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ նշել է, որ Հայաստանը ինտեգրացիոն գործընթացների կողմնակից է, և մենք դեմ ենք բաժանարար գծերի: Գլոբալացող աշխարհում ինտեգրացիոն գործընթացները պետք է խորանան, ինչը բխելու է բոլորի շահերից»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության անդամ են նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը, որի հետ պաշտոնական Երևանն ունի տնտեսական համագործակցության լայն հեռանկար, ապա Հայաստանի համար Շանհայան համագործակցության կազմակերպությունը լայն հեռանկարներ է բացում: «Դուք գիտեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի ընթացքում կարևորել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Ռուսական կողմը նույնպես նշել է, որ այդ երկաթգծի կառուցումը կարևոր է, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայասատանի համար, որը կարող է դառնալ Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածը. ՀՀ Նախագահը խոսել է այդ մասին նաև Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ»,-ընդգծեց Շարմազանովը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության խորացման արդյունքում, արդյոք Չինաստանը չի միանա Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, Շարմազանովը պատասխանեց հետևյալը. «Ես միայն կարող եմ ասել, որ չինական մի քանի ընկերություններ ցանկանում են մասնակցել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը»: