ԱԺ–ում ազգային փոքրամասնությունների համար հատուկ տեղեր ամրագրելը սխալ է. Էդուարդ Պոլատով
ПолитикаՀայաստանում հունական համայնքի ղեկավար Էդուարդ Պոլատովը սխալ է համարում ազգային փոքրամասնությունների մուտքը ԱԺ ապահովող սահմանադրական հատուկ նորմ ընդունելը, ինչի մասին հայտնեց Tert.am –ի հետ զրույցում:
«Ես դեմ եմ, որովհետև ազգային փոքրամասնություններն էս երկրի քաղաքացիներ են, և ոնց որ բոլորի համար, նույնը՝ ազգային փոքրամասնությունների համար»,-ասաց Էդուարդ Պոլատովը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված է, որ Հայաստանում գործող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ներկայացվածություն կունենան ՀՀ Ազգային ժողովում, քանի որ կուսակցությունները պարտավոր կլինեն իրենց համամասնական ցուցակներում անցողիկ տեղերում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:
Հայաստանում հունական համայնքի ղեկավարը իր մոտեցումը շարադրեց այսպես.«Թող սուսիկ-փուսիկ միանան որևէ կուսակցության, իրենց աշխատանքով ցույց տան, որ արժանի են, աշխատում են, մտնեն քաղաքականություն, անցնեն խորհրդարան, բայց ոչ թե պարտադրեն, որ ազգային փոքրամասնությունները պետք է անցնեն ԱԺ,– ասաց նա»:
Էդուարդ Պոլատովի խոսքով՝ ինք քսան տարուց ավելի քաղաքականության մեջ է, ու վաղուց կարող էր դառնալ պատգամավոր, բայց նման ցանկություն չի ունեցել:
Հայաստանում ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը Tert.am–ի հետ զրույցում միանգամայն այլ տեսակետ հայտնեց: «Մենք, իհարկե, նորմալ ենք ընդունում սա, բայց մենք ավելին էինք սպասում»,-ասաց Արսեն Միխայլովը և հստակեցրեց, թե ինչ նկատի ունի.«Որ սահմանադրորեն ամրագրվեր, որ այդ փոքրամասնություններն, ի վերջո, ունենային այդ քվոտաները: Մենք քանի տարի է՝ փորձում ենք, խոսում ենք այդ մասին, որևէ արդյունք չկա, ինչպես մեր հարևան երկրներում»:
Հիշեցնենք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին էլ, ըստ «Առավոտ»–ի, դեռևս գարնանը ստորագրահավաք էր սկսել, որպեսզի սահմանադրական բարեփոխումների ընթացքում ստեղծվի հնարավորություն՝ Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների համար, որպեսզի նրանք ներկայացված լինեն պետական ընտրովի մարմիններում: «Սահմանադրական տվյալ փոփոխության դեպքում, եթե ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնի վրացի, ոչ մի խնդիր չի լինի, կարեւորը մասնագետներ լինեն»,-ասել էր Բորիս Մուրազին։