Սահմանադրական բարեփոխումներ, թե՞ «չարեփոխումներ». նախատեսված երթը չկայացավ (լուսանկարներ)
ПолитикаԻնչպես հայտնում է Orer.am-ը՝ Սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագծի դեմ ԱԻՄ կուսակցության ու «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթը չկայացավ:
Ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի՝ պատճառը քննարկում անցկացնելու առաջարկն էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից. «Մենք համոզված ենք, որ այս նախագիծը քննարկման ենթակա չէ, պետք է մերժել և վերջ: Եթե Սահմանադրության նախագծում ասվում է՝ ժողովրդի իրավունքները պետք է կրճատվեն, որպեսզի մենք տղերքով մեզ լավ զգանք, դա բարեփոխում չէ, ու քննարկելու բան չկա: Մենք կողմ ենք բարեփոխումներին, բայց դեմ ենք չարեփոխումներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վերջինս նաև նշեց, որ 2014 թվականի ամռանը ԱԻՄ կուսակցությունը կազմել և հանձնաժողովին է հանձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, որը, սակայն, մերժվել է. «Ի՞նչպես կարող է իրավագետը կարդալ բացարձակ ժողովրդավարական հայեցակարգը, տեսնել մի բան, որը իսկապես առաջադիմական է, ու գնալ ուրիշ բանի հետևից: Այդ ինչքա՞ն պետք է կաշառեն, որ դու քո երեխաների ապագան մոռանաս:
Այսօրվա հայեցակարգում ներկայացված է պետական կառավարման համակարգի բարեփոխման հիմքը, մեզ մոտ ներկայացված էր քաղաքացին՝ իր իրավունքներով: Մենք դիմում գրեցինք հանձնաժողովի նախագահին, և որպեսզի մեր դիմումը առարկայական դառնա, այսօր ծրագրում էինք երթ, բայց երեկ երեկոյան զանգ ստացանք նախ հանձնաժողովի նախագահից, ապա՝ քարտողարից՝ գործնականում հանդիպելու և քննարկելու:
Մեկ ժամ խոսելուց հետո համաձայնության եկանք, որ քննարկումը լինելու է հրապարակային՝ լրագրողների մասնակցությամբ: Մենք գնում ենք քննարկման, որպեսզի պահանջենք ցույց տալ այն արձանագրությունը, որտեղ քննարկեցին ու մերժելի համարեցին մեր առաջարկած հայեցակարգը ինչ-ինչ պատճառնեերով, կամ թող ասեն, որ չեն քննարկել: Եթե հանձնաժողովը հրապարակավ շեշտի, որ նախագահի հանձաժողովն է, այլ ոչ թե ժողովրդի ու պետք է ներկայացնի նախագահի ընտրած տարբերակը, ուրեմն այդ հանձնաժողովը արդեն լուծարված է»:
Ավելի ուշ քննարկմանը միացավ նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջելու են լուծարել հանձնաժողովը. «Ամենաերկար ճանապարհը սկսվոմ է առաջին քայլից: Մենք այդ քայլը արեցինք այստեղ հավաքվելով: Մեր երկրում այսպիսի սահմանադրական փոփոխություն կատարելը հավերժացնելու է քրեաօլիգարխիկ համակարգը: Պետք հանրության ուշադրությունը գրավենք:
Հետևանքները բացասական են լինելու բոլորի համար: Եթե այսօր կան քաղաքացիական շարժումներ, որոնք փորձում են հանրային շահերը պաշտպանել, սահմանադրական բարեփոխումներից հետո ոչ ոք ի վիճակի չի լինելու դա անել: Սա մեծ վտանգ է առաջին հերթին ժողովրդի համար: Պահանջելու ենք լուծարել այդ հանձնաժողովը, մինչ դա հորդորելու ենք կամավոր հրաժարվել: Մինչև նախագծի ԱԺ մտնելը հանրության թիրախը պետք է լինի այդ հանձնաժողովը»,- իր խոսքում նշեց Անդրեաս Ղուկասյանը:
Նշենք նաև, որ սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումը տեղի է ունենալու վաղը ժամը 11-ին Սահմանադրական դատարանի շենքում:



Անժելա Պողոսյան