Դեսպան Ղազարյանն ու Զամոսչի քաղաքապետը մասնակցել են հայկական նոր ցուցադրության բացմանը
ПолитикаԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն օգոստոսի 13-ին այցելել է Լեհաստանի Զամոսչ քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել քաղաքապետ Անդժեյ Վնուկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարու թյան մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին` Զամոսչում գտնվող եզակի հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Լեհաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության և այդ գործընթացում Զամոսչ քաղաքի մասնակցության հնարավորությունները և հեռանկարները:
Այնուհետև դեսպան Ղազարյանը Զամոսչի թանգարանի տնօրեն Անդժեյ Ուռբանսկու ուղեկցությամբ շրջայց է կատարել դեռևս 1992 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Զամոսչի հին քաղաքի կենտրոնական մասում, այցելել վերանորոգված «Արսենալ» թանգարան, ծանոթացել քաղաքի պատմությանը: Դեսպանն այցելել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական փողոց և այն տները, որտեղ ժամանակին ապրել են մեծ թվով հայեր՝ ծանոթանալով քաղաքի զարգացմանն իրենց նշանակալի ավանդը բերած հայերի պատմությանը:
Նույն օրը դեսպան Ղազարյանը Զամոսչի քաղաքապետ Վնուկի հետ մասնակցել է Զամոսչի թանգարանում հայկական նոր ցուցադրության բացման արարողությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Դեսպանը նշել է, որ յուրաքանչյուր անգամ մեծ հպարտությամբ է խոսում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իսկ Զամոսչ քաղաքը և վերաբացված ցուցադրությունը դրա կենդանի և վառ ապացույցներից են: Դեսպան Ղազարյանը հիշատակել է նաև այն իրողությունը, որ 2013 թվականի հունիսի 26-ին Զամոսչ էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցի չների հետ իր հանդիպումը կազմակերպելով հենց այդ պատմական քաղաքում: