Թուրքիայում ապրող քրդերի ուժերը լիովին բավարար են Թուրքիայի դեմ պատերազմ իրականացնելու համար. թուրքագետ Ռուբեն Մելքոնյան
ПолитикаՎերջին շրջանում խիստ նկատելի են թուրք-քրդական լարումներն ու բախումները: Դրանք առավել ընդգծված դարձան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե ամեն գնով պետք է այնպես արվի, որ արտահերթ ընտրությունների ժամանակ որեւէ քուրդ մանդատ չստանա: Թուրքիայում ստեղծված իրավիճակի, դրա հետագա զարգացման վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ.
«Ամեն ինչ գնում է դեպի սրացումների շրջան, քանի որ հիմա արդեն ակնհայտ է, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են պահպանել ու ավելացնել իրենց ընտրազանգվածը եւ դրա համար գնալու են ամենածայրահեղ քայլերի»,- ասաց թուրքագետը:
Այս համատեքստում քրդերի եւ թուրքական իշխանությունների միջեւ բախումներն ունենալու են բավական սուր դրսեւորումներ, նկատում է թուրքագետը՝ հավելելով, թե որոշ տեղերում կլինեն անգամ ավելի լայնամասշտաբ առճակատումներ. «Այս վիճակը կպահպանվի մինչեւ ընտրությունները»,- ասաց վերջինս:
Տարածված այն տեսակետի վերաբերյալ, թե թուրք-քրդական բախման ժամանակ տարբեր տարածաշրջաններում գտնվող քրդերը կհամախմբվեն Թուրքիայի դեմ, Ռ. Մելքոնյանը նշեց, որ բախումը լինելու է «լոկալ».«Այլ երկրներում ապրող քրդերը կարող են պարզապես աջակցել ինչ-ինչ հարցերով, սակայն նման լայնամասշտաբ ակցիա, որ տարբեր երկրներում ապրող քրդերը համախմբվեն եւ պատերազմեն թուրքերի հետ, կարծում եմ՝ հավանական չէ, մանավանդ, որ Թուրքիայում ապրող քրդերի ուժերը լիովին բավարարում են Թուրքիայի դեմ պատերազմ իրականացնելու համար: Այդ ուժերը բավարար են նաեւ որոշ դեպքերում անգամ հաջողությունների հասնելու համար: Ինչպես տեսնում ենք, վերջին օրերին քրդական ուժերը կարողանում են մեծ հաջողությունների հասնել: Ըստ էության, այսօր Թուրքիայի մի քանի նահանգներում պատերազմական իրավիճակ է, որը գնալով ավելի է սրվելու»,- ասաց Մելքոնյանը:
Հարցին, թե խոշոր բախումից հետո որ կողմն է շահելու, թուրքագետը պատասխանեց, որ երկու կողմերն էլ ունեն իրենց շահերը. «Ըստ էության, սա վաղուց սկսված պատերազմ է, այն հանգուցալուծվելու է կողմերի համար քիչ թե շատ փոխզիջումային տարբերակով, քանի որ ե´ւ Թուրքիան, ե´ւ քրդական ուժերն այս պահին հեռացել են փոխզիջումների այն սանդղակից, որ ժամանակի ընթացքում ձեռք են բերել: Հիմա սկսվելու է նոր պատերազմական շրջան, որին էլ հաջորդելու է նոր բանակցությունների շրջանը, կողմերը փորձելու են շահեկան դիրքերի հասնել: Կարծում եմ, որ երկար պրոցես է սկսվել եւ վերջնական կանխատեսում անելու համար դեռ վաղ է»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Սոսե Չանդոյան