Արման Դարչինյանը՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր
СпортԳրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից:
69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Կիսաեզրափակիչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ, և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին: Ցավոք, համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:
Օգոստոսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացավ բրոնզե մեդալի, ապա Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Օգոստոսին հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին: